Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

23.07.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 21-ին և 22-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ նա եղել է մի շարք համայնքներում: Առաջին հանդիպումը Դիլիջանում էր, որտեղ նախարարը խորհրդակցություն է անցկացրել: Մասնակցել են համայնքի ղեկավարը, բնակավայրերի վարչական ներկայացուցիչները, ավագանու անդամները: Եվ նախարարը, և մարզպետը իրենց խոսքում կարևորել են համայնքապետարանի աշխատանքի հրապարակայնության ապահովման, ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման, համայնքին վերաբերող գործընթացներում ավագանու դերի բարձրացման հարցերը, խոսվել է նաև տարածաշրջանին խիստ բնորոշ անտառպահպանման խնդիրների մասին: Շեշտվել է, որ անտառպահպանման խնդիրը մեծ առնչություն ունի նաև տուրիզմի զարգացման հետ: Համայնքի կազմի մեջ ընդգրկված բոլոր բնակավայրերը ունեն խմելու ջրի, ճանապարհների հիմնանորոգման, որոշ տեղերում նաև մանկապարտեզի շենքի հետ կապված խնդիրներ: Նախարարը շեշտել է , որ պետք է սկսել առավել կենսական հարցերից և հորդորել, որ սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում լուծում տան առաջին հերթին խմելու ջրի խնդիրներին: Խորհրդակցության ընթացքում մարզպետ Վահե Ղալումյանը հանձնարարել է խիստ ուշադիր լինել ճանապարհների պահպանման և սպասարկման իրականացմանը:
Շարունակելով այցը, նախարար Պապիկյանը եղել է նաև Հաղթանակ, Դեբեդավան գյուղերում, խորհրդակցություն անցակցրել Նոյեմբերյանում, որին ներկա են եղել համայնքների ղեկավարներ, վարչական ներկայացուցչներ, ավագանու անդամներ, դպրոցների տնօրեններ, համայնքի ակտիվ ներկայացուցիչներ: ԵՎ համայնքներում հանդիպումների ժամանակ, և խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերը գրեթե նույնն էին. խմելու, ոռոգման ջրի, ճանապարհների, մանկապարտեզների հիմնանորոգման խնդիրներ և, իհարկե, աշխատատեղերի ստեղծման հետ կապված մտահոգություններ: Հատկապես Նոյեմբերյանի տարածաշրջանի որոշ բնակավայրերի համար մեծ խնդիր է գազիֆիկացումը: Գազը գտնվում է համայնքում, բայց մինչև բնակարաններ այն հասցնելն այնքան թանկ է, որ ոչ մի բնակիչ ի վիճակի չէ կատարելու այդ ծախսերը: Նախարարը մեկ անգամ ևս շեշտել է, որ բոլոր խնդիրներին ծանոթ է և շատ լավ հասկանում է տավուշցու հոգսը, հավաստիացրել է, որ հատկապես սահմանամերձ համայնքներն այսուհետ խիստ ուշադրության կենտրոնում են լինելու: Նախարարը նաև տեղեկացրել է, որ բոլորովին վերջերս Մոսկվայում մասնակցել է հայկական համայնքի կողմից կազմակերպված խորհրդաժողովին, որտեղ քննարկվել են ՀՀ սահմանամերձ համայնքների հիմնախնդիրների լուծման ճանապարհներ: Համայնքի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ պատրաստ են Ռուսաստանում առկա հայկական գործարար ներուժն օգտագործել Հայաստանի սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսական կարողությունների զարգացման, ներդրումների ներգրավման ու բնակչության կյանքի բարելավման համար:

Օրվա ավարտին նախարարը եղել է նաև Բերքաբեր սահմանամերձ գյուղում, զրուցել համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարի և բնակիչների հետ: Բերքաբերն ընդամենը 800 մետր է հեռու սահմանից, մշտական վտանգի տակ է, սակայն շարունակում է ապրել բնականոն կյանքով, արարել: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ուժերով համայնքի համար կենսական նշանակություն ունեցող որոշ հիմնախնդիրների լուծման ելքերը և ներդրումներ կատարելու հնարավորությունները:
Այցի երկրորդ օրը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցակցրել Տավուշի մարզպետարանում, որին մասնակցել են Իջևանի և Բերդի տարածաշրջանների ՏԻՄ ներկայացուցիչները, հիմնարկ ձեռնարկությունների, իրավապահ մարմինների մարզային կառույցների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ:
Նախարարն այստեղ նույնպես շեշտել է, որ այցը ճանաչողական է, նպատակն է ավելի մոտիկից ծանոթանալ խնդիրներին, մարդկանց հետ անմիջականորեն շփվել և գույքագրած հիմնախնդիրների լուծման համար համատեղ ելքեր փնտրել: <<Իհարկե, կարճաժամկետ փուլում կատարելը բավականին բարդ է, ամեն դեպքում կարևորը՝ մեր քաղաքական կամքը կա, և բոլոր այն համայնքապետերը, ովքեր գիտակցում են Նոր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, կարծում եմ պիտի իրենց աշխատաոճի մեջ փոփոխություն մտցրած լինեն, իսկ ովքեր էլ չեն փոխվում, դրա համար կան օրենքով սահմանված ընթացակարգեր, որոնք տեղի են ունենում>>-նշել է նախարարը: Խորհրդակցության ընթացքում նույնպես ներկայացվել են համայնքներում առկա իրավիճակը, լուծման սպասող խնդիրները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18