Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իտալացի գործարարը քննարկում է Իջևանում սպասքի արտադրություն հիմնելու հնարավորությունը
12.07.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը երկրորդ հանդիպումն ունեցավ իտալացի գործարար Ֆեդերիկո Պոլիդորիի հետ: Նա ներկայացնում է արդեն բավականին հայտնի իտալական Ceramisia/Չերամիսիա/ կավե սպասքի արտադրությունը: Գործարարը իր ծրագրերը ներկայացրեց Հայաստանում, մասնավորապես Տավուշի մարզկենտրոն Իջևանում նմանատիպ արտադրություն հիմնելու վերաբերյալ: Ֆեդերիկո Պոլիդորին նկարագրեց արտադրության շղթայական ընթացքը և ընդգծեց, որ զարդանկարները սպասքի վրա արվում են ձեռքով: Սակայն ոչ թե մեկ ափսեն է մեկ մարդու ձեռքի աշխատանք, այլ մի մարդը ափսեի մեկ նախշն է նկարում և փոխանցում հաջորդին: Իտալացի գործարարը համոզված է, որ Իջևանում նման մասնագետներով հեշտությամբ կհամալրվի արտադրությունը:
Քանի որ Ֆեդերիկո Պոլիդորին, ցանկություն ունի, որպեսզի հիմնադրվող արտադրության մեջ ներգրավվի նաև մեկ այլ, ցանկալի է, տեղացի ներդրող,մարզպետ Վահե Ղալումյանի հետ քննարկեցին ձեռնարկի հետագա ընթացքը: Իտալացի գործարարը հավաստիացրեց, որ արտադրվող սպասքն ունի սպառման շուկա, բոլոր աշխատակիցները, որոնք կընտրվեն 1-ամսյա դասընթաց կանցնեն Իտալիայի իրենց գործարանում, անհրաժեշտության դեպքում նաև այնտեղից կգան փորձի փոխանակման: Հնարավոր գործընկեր լինելու դեպքում իտալացի գործարարը խոստացավ տրամադրել նրան նաև բիզնես պլանը և հրավիրել Իտալիա մոտիկից արտադրությանը ծանոթանալու համար: