Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանում

11.07.2018

Հուլիսի 10-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով Նոյեմբերյանի տարածաշրջանում էր: Առաջին բնակավայրը, որտեղ նա կանգ է առել՝ Դովեղն էր: Այստեղ շահագործման էր հանձնվում ոռոգման նոր ջրագիծ: Ծրագիրն իրականություն է դարձել <<Դովեղ>> բարեգործական հիմնադրամի միջոցով: Արժեքը կազմել է 17 մլն դրամ, որից 8,7 մլն դրամը տրամադրել է Ռալֆ Յիրիկյանն իր անձնական միջոցներից: Կառուցվել է պոմպակայան, որը անտառներից եկող ինքնահոս ջուրը նոր անցկացված ջրագծի միջոցով մղելու է դեպի 44 հա տնամերձ հողամասերը: Սա Դովեղի համար կարևորագույն ծրագիր է, քանի որ գյուղի հիմնական հողատարածքները սահմանամերձ վտանգավոր գոտում գտնվելու պատճառով չեն օգտագործվում և մշակվում են միայն տնամերձերը:
Դովեղում նոր կառուցված ջրագծի ու պոմպակայանի աշխատանքներին ծանոթանալուց հետո, մարզպետն այցելել է նաև Բերդավան: Նա գյուղի գեղագիտական կենտրոնում հանդիպում է ունեցել երտասարդության հետ, զրուցել համայնքին հուզող խնդիրներից: Մարզպետը եղել է նաև Բերդավանի ցորենի դաշտերում, որտեղ այս օրերին արտհունձի աշխատանքներն են ընթանում, զրուցել կոմբայանավարների, դաշտում աշխատող մարդկանց հետ: Կոթիում բնակչության հետ հանդիպման ընթացքում բարձրացվել է կարկտահարությունից վնասված 430 հա ցանքատարածությունների դիմաց փոխհատուցման խնդիրը: Մարզպետը տեղեկացրել է, որ վնասի չափերն ամբողջովին հաշվարկվել են, ներկայացվել  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և ՀՀ գյուղտնտեսության նախարարություններ: Այդ հարցով հիմա  ՀՀ կառավարությունում  քննարկումներ են ընթանում:  Կոթիում բնակիչները նաև բնակարանները գազիֆիկացնելու հարցն են առաջ քաշել՝ նշելով, որ թեև գազն արդեն գյուղում է, բայց բնակարաններ հասցնելու արժեքն այնպիսի գումար է կազմում, որ մարդիկ ի վիճակի չեն վճարել, ինչի պատճառով այսքան տարի չեն կարողանում օգտվել գազից: Այս նույն խնդիրն առկա էր նաև Ոսկեվանում, որտեղ նույնպես այցելել էր մարզպետը: Ի պատասխան , մարզպետ Ղալումյանը հավաստիացրել է, որ հարցը կքննարկի համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ և արդյունքների մասին կտեղեկացնի բնակչությանը:

 Այցի ընթացքում մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է նաև ՀՀ պետբյուջեի միջոցներով կառուցվող Կիրանց-Ոսկեպար 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներին:  Շինարարությունը կատարում է <<Վարմաշ>> ՍՊԸ-ի Իջևանի տեղամասը: Արդեն ամբողջովին  կատարվել են  հիմքի կառուցման, ջրահեռացման համակարգի կարգավորման և կողնակների  իրականացման, ինչպես նաև  4 կմ հատվածի ասֆալտբետոնե ծածկի ստորին շերտի կառուցման աշխատանքները:

 Լուսանկարները՝ Ոսկան Սարգսյանի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11