Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամառային զորակոչի մեկնարկը
03.07.2018
Այսօր՝ հուլիսի 3-ին, Տավուշի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը: Զորակոչի մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ մարզկենտրոն Իջևանի զինկոմիսարիատում, որի բակը վաղ առավոտից բազմամարդ էր: Նորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ճանապարհելու էին եկել Տավուշի մարզպետի տեղակալներ Վարդան Ալեքսանյանն ու Կարեն Խուդավերդյանը, համայնքների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ, ընկերներ ու բարեկամներ: Արարողությունն սկսվեց մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանի ողջույնի խոսքով, որը նաև մարզպետ Վահե Ղալումյանի անունից էր: Մարզպետի տեղակալը զինակոչիկներին մաղթեց խաղաղ ու անվտանգ ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ: Նա ընդգծեց, որ Անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը Հայկական բանակն է, որի զինվորը դառնալը պատիվ է յուրաքանչյուր հայ տղայի համար: Նաև իր երախտագիտությունը հայտնեց ծնողներին նման տղաներ մեծացնելու և ոգևորությամբ բանակ ճանապարհելու համար: Նորակոչիկներին իր խորհուրդները տվեց նաև զիվորների հետ աշխատող հոգեբան Վահագ Չոբանյանը: Բարեմաղթանքի, օրհնանքի ու քաջալերանքի խոսքեր ասաց Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը: Մարզում առաջին զորակոչի մեկնարկը տրվեց բարձր տրամադրությամբ:
Մինչ հանդիսավոր արարողությունը տղաները ևս մեկ անգամ բուժզննում էին անցել, և նրանց բացատրվել էր, որ
Իջևանից զինակոչիկները կմեկնեն հանրապետական կենտրոնական հավաքակայան, որտեղ նրանց կտրամադրվի զինվորական համազգեստ, և յուրաքանչյուր նորակոչիկ վիճակահանությամբ կընտրի իր ծառայության վայրը: