Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզի պատվիրակությունը մասնակցում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովին
29.06.2018
Այսօր Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովը` «Հայաստանի և Ռուսաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» խորագրով:
Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների կողմից համատեղ՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառումը նվիրված է գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի և Ռուսաստանի ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներ, երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ,տարածաշրջանների ղեկավարներ։ Համաժողովին մասնակցում է նաև Տավուշի մարզի պատվիրակությունը մարզպետ Վահե Ղալումյանի գլխավորությամբ: Համաժողովում ելույթ է ունեցել Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը:
Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովներն սկսել են անցկացվել 2011թ-ից` Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի ռեգիոնների միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ու զարգացման հարցերի քննարկման նպատակով: Երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և համաժողովները խնդիր ունեն նպաստել այդ ներուժի բացահայտմանը, միջտարածաշրջանային մակարդակով գործակցության նոր ուղղությունների նախանշմանը, նոր կապերի հաստատմանը: