Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական աշխատանքային խորհրդակցությունն ըստ ստորաբաժանումների
25.06.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային շաբաթն սկսեց մարզպետարանի վարչությունների և բաժինների հետ առանձին խորհրդակցություններով: Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնին հանձնարարվեց աշխատանք տանել, որպեսզի մինչև հունիսի 30-ը պատրաստ լինի 20 բիզնես-ծրագիր: Ուշադրություն դարձնել հատկապես մինի-ֆերմաների ստեղծման, կաթի, մսի վերամշակման, զբոսաշրջիկների համար զբաղվածություն, ժամանց ապահովելուն ուղղված ոլորտներին: Բոլոր մյուս ստորաբաժանումներին հանձնարարվեց օգնել զարգացման ծրագրերի բաժնին բիզնես-պլանների կազմման գործում: Մասնավորապես քաղաքաշինության վարչությանը հանձնարարվեց կատարել ծրագրերին անհրաժեշտ քաղաքաշինական հաշվարկները: Միևնույն ժամանակ քաղաքաշինության վարչությանը հանձնարարվեց նաև խիստ հետևել մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին, մասնավորապես ուշադրություն դարձնել ՀՀ պետբյուջեի միջոցներով Կիրանց-Ոսկեպար 8 կմ ճանապարհահատվածի կառուցմանը: Քաղաքաշինության վարչությունը հանձնարարություն ստացավ նաև ներկայացնել աղբահանության հետ կապված տվյալներն ու առկա խնդիրներն ըստ համայնքների:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը հանձնարարություն ստացավ հետևողականորեն զբաղվել մարզի Վերին Կարմիրաղբյուրի և Դեբեդավանի դպրոցներում առաջացած խնդիրների լուծմամբ և ընդհանրապես հետամուտ լինել, որպեսզի մյուս դպրոցներում էլ մրցույթները ժամանակին և օրենքի տառին համապատասխան անցկացվեն: Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման և տեղական ինքնակառավարման մարմինների և ՀԳՄ վարչությունների հետ քննարկվեցին Ազատամուտի համայնքապետարանում առկա խնդիրները, այս հանգամանքում մարզպետարանի լիազորության սահմաններն ու անելիքները:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակազմը ներկայացրեց, որ ըստ մարզպետի նախորդ հանձնարարականների, մարզի առողջապահական հաստատություններում առավել մատչելի լեզվով և տեսանելի փակցված են անվճար ծառայությունների ցանկը:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը ներկայացրեց կարկտահարությունից տուժած համայնքներում հանձնաժողովների կատարած աշխատանքի ընթացքը, տեղեկացրեց, որ արդեն որոշ համայնքներում սկսվել է արտհունձը: Վարչությունների հետ քննարկվեցին նաև առանձին քաղաքացիներից ստացված դիմումների հետքերով կատարած ուսումնասիրությունների արդյունքները: