Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կարի նոր արտադրամաս՝ սահմանամերձ Բերքաբերում
22.06.2018
Սահմանամերձ Բերքաբերում ,,Սահման,, ՀԿ-ի նախաձեռնությամբ կարի նոր արտադրամաս է հիմնվել: Ինչպես մեր զրույցի ընթացքում տեղեկացրեց ՀԿ-ի նախագահ Ջորջ Տաբակյանը, արտադրամասի բացումը կազմակերպության հերթական ծրագրերից է և նպատակն է աջակցել փոքր բիզնեսի զարգացմանը, որպեսզի սահմանին գտնվող գյուղում նոր աշխատատեղեր ստեղծվեն, գյուղացիները կայուն աշխատատեղ ունենան և մնան իրենց հողում: Արտադրամասի տնօրենը Սոնյա Մատինյանն է: Նա դեռ սկսած 1990-ականներից է համազգեստ կարում գյուղի սահմանապահների համար: Աշխատանքի մեկնարկի համար տիկին Սոնյային է տրամադրվել երեք կարի մեքենա եւ մեկ արդուկ: Աջակցության դիմաց նա պարտավորվել է կարել համայնքի դպրոցի աշակերտների համազգեստները և նվիրել նրանց: Իսկ պատվերների ցանկը աստիճանաբար ընդլայնվում է. մեղվի փեթակների համար նախատեսված ծածկոցներ, լավաշի արտադրամասի աշխատակիցների գոգնոցներ, շապիկներ է կարում: Արտադրամասում տիկին Սոնյային օգնում են նրա երկու հարսները: Նրա ասելով, եթե պատվերները շատանան, աշխատանքում կընդգրկի նաև այլ աշխատողների, կընդլայնի արտադրությունը:
Նոր պատվերների ներգրավման նպատակով տիկին Սոնյան նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ առաջարկելով զինվորական համազգեստներ կարելու մի մասի պատվերներն ուղղել Բերքաբերի իրենց արտադրամաս: