Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում բանկային և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
21.06.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը խորհրդակցության էր հրավիրել մարզում գործող բանկային և վարկային կազմակերպությունների ղեկավարներին: Մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը, Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը, համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները: Հանդես գալով ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնելով մասնակցության համար, մարզպետը տեղեկացրեց, որ հանդիպումը խորհրդատվական բնույթի է, և սրանով նա առաջարկ է անում կազմակերպություններին, որպես պրոֆեսիոնալ մասնագիտական թիմերի, աջակցել մարզպետարանին բիզնես-գաղափարների, բիզնես-պլանների ձևավորման գործում: Մարզպետը տեղեկացրեց, որ ներդրումների հոսք է սպասվում այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից, և անհրաժեշտության դեպքում մենք պիտի կարողանանք նրանց առաջարկել որոշակի գաղափարներ: Դրանք, իհարկե, որոշակի ուղղվածություն պետք է ունենան և պետք է բխեն մարզի զարգացման ծրագրի ռազմավարությունից ու դրանում նշված գերակա ճյուղերից: Իսկ գերակա ճյուղերը մեր մարզում գյուղատնտեսությունն ու տուրիզմն են:
Բանկային համակարգը ներկայացնող գործընկերները հանդես եկան բավականին հետաքրքիր առաջարկներով: Մասնավորապես նշվեցին կաթի, մսի վերամշակման և իրացման խնդիրները, հյուրատների և տուրիզմի առաջխաղացմանն անհրաժեշտ աղբահանության ապահովման, ենթակառուցվածքների զարգացման հարցերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց գաղափարներն ի մի բերելուց հետո, նոր հանդիպումներ կազմակերպել, աշխատանքային կարգով ամենօրյա համագործակցություն ունենալ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ: