Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին դպրոցների կապիտալ շինարարության հետ կապված հարցեր
12.06.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին դպրոցների կապիտալ շինարարության հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզի այն հանրակրթական դպրոցների տնօրենները, որոնք ընթացիկ և կապիտալ նորոգման հոդվածներով նախատեսված գումարներ ունեն: Բացելով խորհրդակցությունը՝ մարզպետը տնօրեններին առաջարկեց ներկայացնել դպրոցների կապիտալ շինարարության հետ կապված առաջնային խնդիրները: Խորհրդակցությանը ներկա բոլոր տասներկու դպրոցների տնօրեններն էլ նախ մանրամասն ներկայացրին շինարարության հետ կապված իրենց հրատապ խնդիրները, այնուհետև անդրադաձան նաև հաջորդ հարցերին: Մարզպետն առաջարկեց օգտվել ամառային արձակուրդների ընձեռած հնարավորությունից և եղած գումարները ուղղորդել հենց առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանը: Իսկ այդ խնդիրները տարբեր դպրոցներում տարբեր էին՝ դպրոցական շենքի տանիքի նորոգում, ջրագծի հիմնանորոգում, մարզադահլիճի վերանորոգում, բակի բարեկարգում և այլն: Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Վահե Ղալումյանը նաև իր պատրաստակամությունը հայտնեց՝ գնումների գործընթացը կազմակերպելու համար տրամադրել անհրաժեշտ մեթոդական և խորհրդատվական օգնություն: