Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանի մեծ դահլիճում կայացավ տաղանդավոր երգչուհի, մեր հայրենակցուհի Նոնա Եգանյանի բարեգործական համերգը

11.06.2018

 Շաբաթ երեկոյան, Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի աջակցությամբ, մարզպետարանի մեծ դահլիճում կայացավ աննախադեպ համերգ. բեմում տաղանդավոր երգչուհի, մեր հայրենակցուհի Նոնա Եգանյանն էր: Բարեգործական համերգի նախաձեռնությունը պատկանում էր Նոնայի մորը՝ Սանկտ Պետերբուրգի ,,Music Soul,, պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրեն Գոհար Հովսեփյանին, ով մինչ Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվելը դասավանդել է Իջևանի երաժշտական դպրոցում: Համերգին ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի պատասխանատուներ: Սանկտ Պետերբուրգում մեծացած երգչուհին մասնակցել է ռուսական ,,Ձայն. Երեխաներ-3,, հեռուստաշուին` Պելագեայի թիմում, իսկ 2016 թվականին փայլուն կերպով ներկայացրել է Ռուսաստանը ,,Մանկական նոր ալիք,,-ում և նվաճել գլխավոր՝ ,,Ադամանդե ալիք,, մրցանակը: Նա ,,Գրան Պրի,, մրցանակի և առաջին կարգի դափնեկրի կոչման է արժանացել ավելի քան 200 միջազգային և համառուսական մրցույթներում, որոնցից են ,,Next սերունդ,,-ը, ,,Ծագող աստղ,,-ը, ,,Ռուսաստանի ձայներ,,-ը, ,,Կարմիր առագաստներ,,-ը և այլն: Նոնա Եգանյանը ,,Սուրբ ծննդյան տարվա երգ,, նախագծում ելույթ է ունեցել Դմիտրի Խվորոստովսկու, Լարա Ֆաբիանի, Օլեգ Գազմանովի, Ժասմինի, Նյուշայի և այլ հանրաճանաչ երգիչների հետ: Նոնայի իջևանյան համերգը վարեց և իր հիանալի կատարումներով հանդես եկավ նաև ,,Music Soul,, պրոդյուսերական կենտրոնի գլխավոր մանկավարժ, միջազգային և համառուսական մրցույթների հաղթող, էստրադային վոկալի վարպետության դասի առաջատար Անաստասիա Կովիլան: Դահլիճը բուռն ծափերով ընդունեց նաև սանկտպետերգբուրգցի փոքրիկ երգչուհի, բազմաթիվ հեռուստաշոուների ու փառատոների մասնակից ու հաղորդավար Ալիսա Բրիզգալովայի ելույթը: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից ժամանած հյուրերը իրենց կատարումներով լավ տրամադրություն ու հաճելի պահեր պարգևեցին իջևանյան հանդիսատեսին և համերգի վերջում պարգևատրվեցին Իջևանի քաղաքապետի պատվոգրերով: Հունիսի 10-ին նրանք համերգով հանդես եկան նաև սահմանամերձ Մովսես համայնքում՝ արժանանալով մովսեսցիների ջերմ ընդունելությանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-06-22 17:45:07