Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Տավուշի նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին

02.06.2018

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզխորհրդի նիստում, որին ներկա էին նաև մարզպետարանի աշխատակիցները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, կրթական, առողջապահական հաստատությունների տնօրենները, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ներկայացրեց նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին:
Ողջունելով նիստի մասնակիցներին, նախարարն անդրադարձավ քաղաքական առկա վիճակին, առաջիկա անելիքներին, Տավուշի մարզի և պետության առջև ծառացած խնդիրներին: Նա մասնավորապես ընդգծեց, որ հասարակության սպասելիքները, որոնք շատ մեծ են ու տեղին, պիտի կյանքի կոչվեն համատեղ ջանքերի ու համառ գործողությունների շնորհիվ: Կարևորեց համայնքների ղեկավարների, պետական պաշտոնյաների գործունեությունը: <<Պաշտոնյան պիտի մշտապես հասանելի լինի հանրության համար: Նոր Հայաստանում չեն կարող լինել պաշտոնյաներ, ովքեր անհաղորդ են և մտածում են միայն անձնական շահի մասին: Այլևս Հայաստանում գերակայելու է օրենքը: Բոլոր նրանք, ովքեր չեն կարող իրենց ուսերին կրել բեռ, պիտի մոռանան պաշտոնյա լինելու մասին>>,- նշեց նախարարը: Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարևորեց Տավուշի մարզի սահմանամերձ լինելու հանգամանքը: <<Սահմանապահ համայնքները Հայաստանի Հանրապետության սկիզբն են, Հայաստանի Հանրապետության կենտրոնն են, Հայաստանի Հանրապետությունն սկսվում է սահմանից: Իմացեք, որ կառավարությունը Ձեր թիկունքում կանգնած է, ինչպես որ դուք՝ կառավարության թիկունքում>>: Նախարարը խոսեց նաև oտարման ենթակա հողերի հետ կապված ծրագրերի մասին: Նա հայտնեց, որ տարիներ շարունակ հասարակությունն անտեղյակ է եղել, թե ինչպես են օտարվում պետական գույքը, համայնքային հողերը: Այլևս պետք է տարվա կտրվածքով համայնքների ղեկավարները ներկայացնեն օտարման ենթակա հողերի և գույքի ցանկ: Այդ ցանկից դուրս չի կարող լինել որևէ ավագանու որոշում, որով կօտարվի հողը կամ անշարժ գույքը: Սա կնպաստի զերծ մնալ կամայականություններից և ունենալ միասնական հարթակ, որի միջոցով մարդիկ կարող են ծանոթանալ, թե որ համայնքում ինչ հողատարածք է վաճառվում: Հաղորդեց նաև ՀՀ վարչապետի ուղերձը, որ յուրաքանչյուր համայնք պետք է ունենա բիզնես-ծրագրերի փաթեթ, որը կնպաստի ներդրումների ընդլայնմանը: Նախարարը հայտնեց նաև, որ առաջիկա ամիսների ընթացքում անձամբ կլինի համայնքներում և մոտիկից կծանոթանա խնդիրներին:
ՀՀ Տավուշի նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանը ողջունեց բոլորին, շնորհակալություն հայտնեց նախարարին: Նշեց, որ ամբողջովին համամիտ է նշված դիտարկումների հետ, հավաստիացրեց, որ մարզում հարազատ կլինեն ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը: Մարզպետը նույնպես նշեց որոշակի առաջնահերթություններ, որոնք կարևորվելու են իր աշխատանքի ընթացքում. հայացքով միշտ լինել դեպի սահմանը, ուշադրություն դարձնել բնապահպանության խնդիրներին, տուրիզմի ոլորտին և ընդհանուր առմամբ բիզնես-ծրագրերին: Կարևորեց նաև ՏԻՄ համակարգում ավագանիների դերը, համայնքների, ավագանիների թափանցիկ աշխատանքը՝ ընդգծելով, որ ավագանիների նիստերը պետք է ընթանան ուղիղ հեռարձակմամբ: Վահե Ղալումյանը նաև հավաստիացրեց, որ լինելու է մշտապես հասանելի մարզպետ մարզի յուրաքանչյուր բնակչի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56