Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տոնական օրն Իջևանում
29.05.2018
Մայիսի 28-ին մարզկենտրոն Իջևանում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Մեկ դար առաջ, պատմական Մայիսի 28-ի օրը, դարավոր ընդմիջումից հետո Հայաստանը հռչակեց իր անկախությունը՝ դառնալով հիմնաքարը հետագա երկու հանրապետությունների՝ Խորհրդային Հայաստանի և Հայաստանի երրորդ Հանրապետության:
Համաժողովրդական տոնի օրը միջոցառումների շարքն Իջևանում մեկնարկեց երթով դեպի Ազատամարտիկների հրապարակ, որտեղ տեղի ունեցավ հիշատակի արարողություն: Ազատամարտիկների հրապարակում մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի կողմից ծաղկեպսակ դրեցին հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին, իսկ բազմաթիվ իջևանցիներ ծաղիկներ խոնարհեցին իրենց քաջ հայրենակիցների հիշատակին: Պատմական ակնարկ կատարեց և 1918 թվականի իրադարձություններին անդրադարձավ գրող, հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանը, օրհնանքի ու շնորհավորանքի խոսք ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Տոնական օրը Տավուշի մարզկենտրոնում շարունակվեց համերգով և ավարտվեց հրավառությամբ:
Օրվա միջոցառումները կազմակերպվել էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ մշակույթի նախարարությունների և ՀՀ Տավուշի մարզպետարանի ու Իջևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ու հովանավորությամբ: