Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ
18.04.2018
Այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են 2017 թվականի ընթացքում և 2018-ի առաջին եռամսյակում կազմակերպության կողմից մարզում իրականացված աշխատանքները, անդրադարձել ընթացիկ ու նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես նշվել է, որ աջակցության ծրագրերի շրջանակում, ջրային ռեսուրսների օգտագործման և ջրամատակարարման կանոնակարգման նպատակով, Բաղանիսի բնակիչներին է տրամադրվել ավելի քան 200 ջրաչափ: Իսկ սահմանամերձ Բերքաբեր համայնքում ուսումնասիրություններ են կատարվել ռազմական գործողություններից բնակելի տների անվտանգությունն ապահովելու նպատակով: Ոսումնասիրությունների արդյունքում ընտրվել է 29 տուն, որոնց կհատկացվի համապատասխան աջակցություն: 2018 թվականին նմանատիպ ծրագիր է նախատեսվում իրականացնել նաև Այգեպարում: Կարմիր խաչի ծրագրով ընթացիկ տարում տնտեսություն և փոքր բիզնես զարգացնելու նպատակով Այգեպարի և Դովեղի 70 ընտանիքի կտրամադրվի 450-հազարական դրամ ֆինանսական աջակցություն: Առաջիկայում նախատեսվում է օգնություն ցուցաբերել նաև ականներից տուժածների ընտանիքներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: