Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային քննարկում վարչական տվյալների հավաքագրման և մուտքագրման աշխատանքների վերաբերյալ

05.04.2018

  Ապրիլի 4-ին ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել վարչական տվյալների հավաքագրման և մուտքագրման աշխատանքների վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը, փոխմարզպետներ, մարզպետարանների զարգացման ծրագրերի ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուներ։
 Փոխնախարար Վ. Կարապետյանը մասնակիցներին ներկայացրել է վարչական տվյալների շտեմարանի օրինակելի ձևը, դրա ընդհանրական բովանդակությունը, անհրաժեշտ չափորոշիչների բավարարման պայմաններն ու բնութագրիչները։
 Իր հերթին Վ. Տերտերյանը, կարևորելով շտեմարանի ստեղծման անհրաժեշտությունը, նշել է. «Կառավարությունն այսուհետ համայնքներին տրամադրվող նպատակային սուբվենցիաները հատկացնելու է տեղեկատվական շտեմարաններում արտացոլված տվյալների հենքի հիման վրա։ Վարչական տվյալների շտեմարանը իրենից ներկայացնում է համայնքների ընդլայնված անձնագիր, որի միջոցով կատարվելու են ծրագրերի գնահատում, նպատակային վերլուծություն, ինչի արդյունքում էլ իրականացվելու է ֆինանսավորումը։ Արդեն հաջորդ տարի սուբվենցիաների տրամադրման նոր կարգը դառնալու է ունիվերսալ և վերածվելու է բյուջետային գործընթացի բաղադրիչի, ինչն էլ իր հերթին մեզանից պահանջում է խնամքով կազմված վարչական տվյալների շտեմարան»։ Փոխնախարարը նաև հավելել է, որ վարչական տվյալների հավաքագրման շտեմարանը կառուցված է նույնատիպ գաղափարների, մոտեցումների, նույնատիպ մեթոդաբանության և չափորոշիչների տրամաբանությամբ։
 Հանդիպման ընթացքում ակտիվ քննարկումներ են ծավալվել ինչպես համայնքների առանձնահատկությամբ պայմանավորված շտեմարանի լրացման յուրահատկությունների, այնպես էլ սուբվենցիաների տրամադրման ընթացքում առաջացող բարդությունների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ։

 

 Աղբյուրը՝ mtad.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18