Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը
29.03.2018
Մարտի 28-ին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների շրջանակներում քննարկվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի քննարկմանը մասնակցել է նաև Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը:
Բացման խոսքում ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կարևորել է օրենքի ընդունումից առաջ շահագրգիռ կողմերից ունենալ կարծիքներ և առաջարկություններ և խնդրել դրանք փոխանցել հանձնաժողովի աշխատակազմ, որտեղ երկրորդ ընթերցումից առաջ, հանձնաժողովի առաջիկա նիստում, դրանք կուսումնասիրվեն և անհրաժեշտության դեպքում կներառվեն օրենքի նախագծում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ողջունել է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի՝ օրենքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությունը՝ նշելով, որ օրենքի վերջնական նախագիծը ընդունելուց առաջ պետք է վստահ լինել, որ բոլոր խնդիրներն ու հարցադրումները, որոնք այս ժամանակահատվածում բարձրացվել են գործընկերների՝ պետական կառավարման մարմինների և Մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմի, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից, կներառվեն նախագծում:
Արտեմ Ասատրյանի խոսքով՝ օրենքի նախագիծը կառուցված է այնպես, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո, գործիքակազմը առաջիկա տարիներին ապահովի հավասար հնարավորությունների ստեղծումը մեր երկրում, ինչպես նաև տրված է համալիր ծրագրի գաղափարները, որոնք յուրաքանչյուր տարի բոլոր շահագրգիռ կողմերի քննարկումների արդյունքում ներկայացվելու են ՀՀ Ազգային ժողով և ներառվելու են ՀՀ պետական բյուջեի օրենքում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն նույնպես կարևորել է լսումների նախաձեռնությունը և քննարկմանը հրավիրված մասնակիցների շրջանակը:
Բացման ելույթներից հետո նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ներկայացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական դրույթները՝ նշելով, որ Օրենքի նախագծով հստակ սահմանված են տարբեր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ուղղությամբ կոնկրետ գործողությունները:
Ըստ պաշտոնյայի, ֆիզիկական միջավայրի մատչելիություն ապահովող ընդհանուր պահանջները, կանոնները սահմանելու է քաղաքաշինության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինը, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը նպաստող տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունն ապահով ընդհանուր պահանջները՝ կապի և տեղեկատվական ոլորտում համապատասխան մարմինները:
Օրենքում ամրագրված է, որ արդեն իսկ շահագործման հանձնված և համընդհանուր դիզայնի պահանջներին չբավարարող կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար խոչընդոտներ ունեցող շինություններում պետք է իրականացվեն հարմարեցումներ:
Ելույթների ավարտից հետո պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկներն և մտահոգությունները, որոնք առաջիկա ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կդրվեն քննարկման: