Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընթացքի մեջ է սպորտլանդիայի 2-րդ՝ տարածաշրջանային փուլը
17.03.2018
Տավուշի մարզում ընթացքի մեջ է հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի 2-րդ՝ տարածաշրջանային փուլը, որին նախորդել էր ներդպրոցական փուլը: Տարածաշրջանային փուլում հաղթող թիմերն արդեն կմասնակցեն մարզային փուլին, իսկ մարզային փուլում լավագույնը ճանաչված թիմերը դուրս կգան եզրափակիչ: Հաջորդ փուլ են անցնում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը:
Մարտի 16-ին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցան Իջևանի տարածաշրջանի 1-3-րդ դասարանցիների միջև անցկացվող մրցումները: Ըստ կանոնակարգի յուրաքանչյուր թիմ ներկայացել էր 5 տղա և 5 աղջիկ կազմով: Մրցապայքարն ընթացավ հինգ մարզաձևից՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական երկանիվ հեծանվով /կցորդ անիվներով/ և օլիմպիական խորհրդանիշի հավաքում: Մարզական միջոցառման հաղթող ճանաչվեցին ու առաջին երկու տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Իջևանի թիվ 1 և թիվ 3 դպրոցների սաները, ովքեր էլ կմասնակցեն սպորտլանդիայի մարզային փուլին: Իսկ 4-7-րդ դասարանների աշակերտների Իջևանի տարածաշրջանային փուլի մրցումները տեղի կունենան մարտի 19-ին թիվ 1 հիմնական դպրոցում: