Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում գրոսմայստերի հետ
13.03.2018
Մարտի 13-ը որպես հիշարժան օր կմնա Տավուշի մարզի պատանի շախմատիստների հիշողության մեջ: Այսօր մարզի հանրակրթական դպրոցների ուժեղագույն շախմատիստները թիվ 5 հիմնական դպրոցում հնարավորություն ունեցան հանդիպելու մեր հայրենակից, շախմատի միջազգային կարգի վարպետ, գրոսմայստեր Նիկիտա Մատինյանի հետ: Հանդիպումը կազմակերպել էր ՀՀ շախմատի ակադեմիայի լիազոր ներկայացուցիչ էմիլ Մատինյանը Տավուշի մարզպետարանի աջակցությամբ: Նիկիտա Մատինյանը ծննդով Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից է: Նրա ընտանիքը 1990-ականների սկզբներին է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն և հաստատվել Սարատով քաղաքում, որտեղ էլ ավարտել է դպրոցն ու ընդունվել տնտեսագիտական համալսարան: 25-ամյա շախմատիստը իմաստուն խաղի հանդեպ հետաքրքրություն է դրսևորել դեռևս վեց տարեկանից և սկսել հաճախել դպրոցում գործող շախմատի խմբակ, որից հետո մարզումները շարունակել է անհատական մարզչի հետ:
Մեր զրույցի ընթացքում Նիկիտան նշեց, որ ոգևորված է Հայաստանում շախմատի հանդեպ դրսևորվող պետական հոգածությամբ, նրանով, որ դպրոցներում շախմատ է դասավանդվում, իսկ այսօր էլ, առիթն օգտագործելով, որ Հայաստանում է, որոշել է պատանի շախմատիստներին գրոսմայստերի հետ հանդիպելու հնարավորություն տալ, որովհետև այդ տարիքում ինքը նման հնարավորություն չի ունեցել:
Հանդիպման ավարտին գրոսմայստեր Նիկիտա Մատինյանը հաճույքով միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց պատանի շախմատիստների հետ: