Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն նոր կարգի իրազեկման նպատակով
15.02.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել են մարզպետ Հովիկ Աբովյանը և <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը: Մասնակցել են Տավուշի մարզպետարանի, մարզի անտառտնտեսությունների, բնապահպանական տեսչության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ և մարզում գործող տնտեսվարող սուբյեկտներ: Խորհրդակցության օրակարգում բնափայտի մթերման և իրացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ընդունված նոր կարգի իրազեկման հարցն է եղել: Ինչպես տեղեկացրել է <<Հայանտառի>> տնօրենը, դաշտը կանոնակարգելու նպատակով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրակցված անտառներում 2018 թվականին իրականացվելիք 90596 խմ բնափայտի մթերման և իրացման աշխատանքները կազմակերպելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ն առաջիկայում հայտարարելու է «Արմատի վրա կանգուն ծառի առուվաճառքի», ինչպես նաև «Ծառայությունների՝ անտառտնտեսական աշխատանքների կատարման>> աճուրդներ և մրցույթներ՝ յուրաքանչյուր անտառհատման տոմսի համար առանձին լոտով։ Տավուշի մարզին հատկացված նախնական չափաքնակը կազմում է 36000 խմ: Հատատեղերը բաժանված են առանձին լոտերի: Յուրաքանչյուր լոտի համար աճուրդ է հայտարարվելու, և այն ընկերությունները, որոնք զբաղվում են փայտանյութի շահագործմամբ և վաճառքով, տվյալ հատատեղը ձեռք բերելու համար պետք է դիմում գրեն, մասնակցեն աճուրդին: Յուրաքանչյուր լոտ ունենալու է իր անձնագիրը, որտեղ մանրամասն ներկայացված են լինելու տվյալ հատատեղը բնութագրող որակները, և ըստ դրանց սահմանված է լինելու նաև գինը: Նոր կարգը հանդիպման ընթացքում քննարկվել է մասնակիցների կողմից: Մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետները, մտավախություններն ու հնարավոր խնդիրները, որ կարող են առաջանալ ընթացքում: