Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանումների 2017թ. գործունեության արդյունքները

18.01.2018

   Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ ամփոփվեցին ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանումների 2017թ. գործունեության արդյունքները: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը և ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Արտուշ Խաչիկյանը: Մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի ու ոլորտի պատասխանատուներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Խորհրդակցությունը բացեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մարզպետը նախ շնորհավորեց բոլորին անցած տոների կապակցությամբ, այնուհետև անցավ օրակարգի առաջին հարցին, որով Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Հովակիմյանը հանդես եկավ 2017թ. կատարած աշխատանքների հաշվետվությամբ: Զեկուցողը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ Տավուշի ՄՓՎ գործունեության ուղղությունները, անդրադարձավ տարվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի վիճակագրությանը: Նշվեց, որ արձանագրված դեպքերի 83,9 տոկոսը հրդեհի դեպքերն են: Հաշվետու ժամանակաշրջանում Տավուշի ՄՓՎ ստորաբաժանումների և օպերատիվ խմբերի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման նպատակով իրականացվել է 516 ելք՝ նախորդ տարվա 363-ի դիմաց: Տարվա ընթացքում տարաբնույթ ուսումնավարժություններ ու վարժանքներ են անցկացվել՝ ուղղված բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստմանը: Հաշվի առնելով մարզում տարերային և տեխնածին աղետների սպառնալիքները՝ իրականացվել են դրանց կանխատեսման, կանխարգելման և հետևանքների նվազեցմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Զգալի աշխատանք է կատարվել քաղպաշտպանության համակարգի զարգացման ուղղությամբ: Վարչության ստորաբաժանումներում անց են կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: 2017թ. ընթացքում իրենց լավ աշխատանքի համար խրախուսվել են 78 փրկարարական ծառայողներ՝ նախորդ տարվա 19-ի փոխարեն: Նրանցից 67-ը պարգևատրվել են մեդալով, իսկ 11-ը արժանացել են շնորհակալագրերի: Ա. Հովակիմյանն անդրադարձավ նաև նյութատեխնիկական ապահովման հարցերին: Նշվեց, որ, չնայած կատարված աշխատանքներին, դեռևս կան խնդիրներ: Հրդեհաշիջման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով որպես առաջնային կարևորության խնդիր ներկայացվեց գյուղերում ջրավազանների, հարմարեցված հարթակների կառուցումը: Օրակարգի հաջորդ հարցով 2017թ. գործունեության արդյունքները ներկայացրեց Տավուշի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Արմեն Համբարձումյանը: Նշվեց, որ տարվա ընթացքում գրանցվել է հրդեհի 152 դեպք: Զոհեր չեն եղել: Հրդեհների մեծ մասը եղել է չհնձված չոր խոտածածկույթներում, այգիներում, բնակելի զանգվածում: Հաջորդիվ ՀՀ ԱԻՆ ,,Սեյսմիկ պաշտպանության ծառայություն,, գործակալության Հյուսիսային ծառայության տնօրեն Կարեն Մխիթարյանը զեկուցեց հաշվետու տարում իրենց կատարած աշխատանքների մասին: Ներկայացվեցին սեյսմիկ կայանների արդյունավետությունն ու սեյսմիկ ռիսկերի գնահատման արդյունքները: Զեկուցողը հույս հայտնեց, որ այս տարվա սկզբներին Տավուշի մարզը ևս կունենա սեյսմիկ կայան: 2017թ. կատարած աշխատանքները ներկայացրին նաև ,,Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն,, պետական ոչ առևտրային կազմակերպության Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Եղյա Սայադյանը և ,,Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն,, պետական ոչ առևտրային կազմակերպության Լոռի-Տավուշ տեխնիկական անվտանգության փորձագետ Մարգարիտա Հազոյանը: Մ. Հազոյանը իր զեկույցում նշեց, որ 2017թ. Տավուշի մարզում կնքվել է տեխնիկական անվտանգության փորձաքննության 164 պայմանագիր, որի արդյունքում փորձաքննության է ենթարկվել 199 օբյեկտ: Փորձաքննության իրականացման գործընթացին էապես նպաստել է շարժական լաբորատորիայի կիրառումը, որը հնարավորություն է տվել փորձաքննության ընթացքում կատարել նաև դիագնոստիկա, փորձարկում և զննում: Հաշվետու ժամանակաշրջանում մարզում տեխնածին վթարներ չեն եղել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ 2017թ. ընթացքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել և ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանումների 2017թ. գործունեությունը գնահատեց ,,լավ,,: Նա նաև նշեց այն երեք հիմնական հարցերը, որոնք գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում: Դրանք են՝ քաղպաշտպանության ուժերը, որոնց մեծ նշանակություն է տրվում, հաջորդը հենակետերի տեխնիկական վերազինումն է ամենաժամանակակից տեխնիկայով և երրորդը աղետների ռիսկերի գնահատման հարցն է, առանց որի անհնար է համայնքների զարգացումը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը աջակցության և համատեղ աշխատանքի համար, նշեց, որ թե մարզպետարանի և թե անձամբ իր մշտական ուշադրության կենտրոնում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված խնդիրները, կապը համայնքների ղեկավարների հետ ամենօրյա է և որ համատեղ ուժերով կլուծվեն բոլոր խնդիրները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56