Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տնտեսական պատասխանատուն` համայնքի տնտեսական ծրագրերի ինֆորմացիայի առաջնային օղակ. Դավիթ Լոքյան

17.01.2018

 Հունվարի 16-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանդիպել է ՀՀ մարզերի խոշորացված ու խոշոր համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուների հետ: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, նախարարության հետ համագործակցող միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետեր, զարգացման ծրագրերի ստորաբաժանման ղեկավարներ և համապատասխան պատասխանատու աշխատակիցներ:
 Ողջունելով ներկաներին` նախարար Դավիթ Լոքյանն առաջնային է համարել համայնքներում առաջին փոքր տնտեսական հիմքերը դնելու հարցը, որպեսզի 2018 թվականի ավարտին ակնկալենք տնտեսական արդյունքներ: Նախարարը տեղեկացրել է, որ 2017 թվականի կեսերին փոխնախարար Վարազդատ Կարապետյանն իր թիմով աշխատել է մարզերում և նախարարություն ներկայացրել համայնքների տնտեսական զարգացման մեթոդական ուղեցույցը, որից հետո որոշում է կայացվել 2018-ի սկզբից բոլոր համայնքներում ունենալ տնտեսական պատասխանատուներ:
  <<Տնտեսական պատասխանատուն դառնալու է տվյալ համայնքի տնտեսական ծրագրերի ինֆորմացիան բոլոր կառույցներին փոխանցող առաջնային օղակը` մարզպետարաններին, Կառավարությանը, միջազգային կազմակերպություններին, բանկային համակարգին, վարկային կազմակերպություններին և այլ ֆինանսատնտեսական կառույցներին: Դրա համար մենք չզլացանք փնտրել այնպիսի մարդկանց, ովքեր կապ ունեն տնտեսության հետ, ունեն հաղորդակցման հնարավորություններ և կարող են համայնքի զարգացմանը նպաստող քայլեր անել>>,-ասել է Դ. Լոքյանը, նկատելով, որ հանդիպման նպատակն է զրուցել այն մարդկանց հետ, ովքեր տարածքային զարգացման գաղափարախոսության գործընթացի շարժիչ ուժը պետք է լինեն:
 <<Մեր աշխատանքի հիմքում դրել ենք հետևյալ տրամաբանությունը` համայնքում ձևավորել մոտիվացիա. համայնքը միայն իր վարչական միջոցներով չի կարող իրականացնել իր կապիտալ ծախսերը: Ինչքան էլ կարևոր լինեն ծախսերը, համայնքը պետք է կարողանա իր ֆոնդային բյուջեում միջոցներ դնի ու ակնկալի դրա կրկնապատկումը պետությունից: Այստեղ շատ կարևոր է, որ համայնքը իր ռեսուրսներից կարողանա ճիշտ բյուջե կազմել: Մինչև այս տարվա մարտի 30-ը ձեզ հետ միասին պետք է կարողանանք ստանալ սուբվենցիայի համապատասխան ծրագրեր տվյալ համայնքների հրատապ, պրոբլեմային տնտեսական, սոցիալական խնդիրները լուծելու համար և այդ նպատակով հատուկ գործիքակազմ ենք ստեղծել համայնքներում տնտեսությունը զարգացնելու համար: Դրանք այսօր կներկայացվեն ձեզ, իսկ առաջիկայում լինելու են նաև մեծածավալ վերապատրաստումներ>>,- նշել է նախարարը` արդյունավետ աշխատանք մաղթելով ներկաներին:
 ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն իր հերթին ներկայացրել է այն աշխատանքային գործիքները, որոնցով առաջիկայում պետք է աշխատեն համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուները։ Փոխնախարարն առանձնացրել է մի քանի հիմնական գործառույթներ, որոնց համաձայն պետք է գործեն տնտեսական պատասխանատուները։ <<Մենք պետք է կարողանանք համայնքների տնտեսական զարգացման ընդհանուր ռազմավարություն մշակել, կազմել ծրագրեր և ներկայացնել գործադիր մարմին։ Կառավարությունը փոխում է լեզուն, բառապաշարը համայնքների հետ շփվելու և ծրագրերի լեզվով է ուզում խոսել ձեզ հետ, այսինքն` աննպատակ միջոցների հատկացման ռազմավարությունն արդեն փոխվում է ծրագրերով, արդյունքային ցուցանիշներով, ելքային ցուցանիշներով>>,- նշել է Կարապետյանը: Փոխնախարարն անդրադարձել է նաև սուբվենցիաների տրամադրման նոր կարգին, դրա բաղադրիչներին, ինչպես նաև Կառավարության կողմից համայնքային զարգացման ծրագրերին օժանդակելու դեպքերին և պայմաններին։
  Աշխատաժողովում քննարկվել են նաև համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգը, միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերը և դրանց շրջանակում համայնքների հնարավորությունները, համայնքների տնտեսական պատասխանատուների վերապատրաստման դասընթացների նախնական պլանները, ինչպես նաև ոլորտային այլ հարցեր։

mtad.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56