Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի նիստում

27.12.2017

Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի 2017 թվականի վերջին նիստը: Այն վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ներկա էին տեղակալներ Կարեն Ադամյանը և Վարդան Ալեքսանյանը: Մասնակցում էին նաև հանրակրթական դպրոցների և առողջապահական կազմակերպությունների ղեկավարները: Օրակարգում քննարկման էր դրված 5 հարց:
Առաջին հարցով ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զբոսաշրջության, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը ներկայացրեց 2017թ. ընթացքում Տավուշի մարզում իրականացված ծրագրերը: Անցնող տարում Տավուշի մարզում ինչպես ՀՀ պետական բյուջեի, այնպես էլ միջազգային և տեղական դոնոր կազմակերպությունների, համայնքային բյուջեների, մասնավոր ներդրողների և անհատ բարերարների միջոցներով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ ուղղված մարզի սոցիալ – տնտեսական զարգացմանը: Նշված ծրագրերը ուղղվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, քաղաքաշինության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի, արտադրական ձեռնարկությունների և սպասարկման ու ծառայությունների որակի բարելավմանը: 
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը ամփոփեց գյուղատնտեսական տարին: Նշեց, որ մարզի վերամշակող ձեռնարկությունների կողմից ժամանակին մթերվել է 5106 տ խաղող, 726,4 տ պտուղ, հատապտուղ ու բանջարեղեն: 2016-ին մթերվել է 4141 տ խաղող, իսկ պտուղը կազմել է 572 տ: Բացի մթերումներից, 514 տ պտղից չիր է պատրաստվել, իսկ 500 տ դեղձ մարզից արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն: Մեր գյուղացիական տնտեսություններն աստիճանաբար աշխուժանում են: Տարվա ընթացքում 525 ֆերմեր դիմել է հիմնադրամի մարզային կառույցին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող ցածր տոկոսադրույքով վարկերից օգտվելու նպատակով հավաստագիր ստանալու համար: Այս պահի տվյալներով մարզում արդեն կատարվել է 3020 հա աշնանացան: Ընդհանուր առմամբ, 2017թ. մարզում պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների կողմից իրականացվել են շուրջ 3 մլրդ. դրամի ներդրումներ /ջերմոցների, ինտենսիվ այգիների և մեքենատրակտորային կայանների հիմնում, ոռոգման համակարգի բարելավում, պտղի, հատապտղի մթերում, վերամշակում, հեռագնա սարամասերի ճանապարհների և ենթակառուցվածքների կառուցում և բարելավում, չրանոցների տրամադրում և այլն/:
Օրակարգի հաջորդ հարցով մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Նաիրի Մելքումյանը ներկայացրեց մարզի առողջապահական հիմնարկների աուդիտի արդյունքները: Զեկուցողը բուժհիմնարկների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց նախահաշիվների կազմման ճշտության, միջոցների արդյունավետ ծախսման, գնումների գործընթացի վրա: Առանձին ներկայացվեցին կազմակերպությունների կողմից կատարված վճարովի ծառայություններն ըստ տարիների, աճի և նվազման տենդենցները, որի վրա պետք է մեծ ուշադրություն դարձնեն պատասխանատուները:

Մարզի համայնքների 2017թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականների մասին զեկուցումով հանդես եկավ աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման  վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը: 2017 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 3413.9 մլն. դրամ, որը կազմում է տարեկան նախատեսվածի 96.9 %-ը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 850.6 մլն. դրամ կամ կատարվել է 90.7 %-ով: 2016 թվականի տարեկան ցուցանիշների համեմատությամբ ս/թ դեկտեմբերի 27-ի դրությամբ սեփական եկամուտները ավել են հավաքագրվել 132.3 մլն. դրամով: Ներսեսյանը տեղեկացրեց, որ համայնքների ղեկավարներին առաջարկվել է 2018 թվականի տեղական բյուջեների ընդունման ընթացքում ապահովել սեփական եկամուտների աճ 20-25 %-ով, որը հնարավորություն կտա ավելացնել բնակչության 1 շնչին ընկնող սեփական եկամուտների գումարը և հավասարվել հանրապետական միջին ցուցանիշին:
Տավուշի մարզում 2017 թվականի ընթացքում կրթության ոլորտում կատարված հիմնական աշխատանքները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Որպես տարվա կարևորագույն ձեռքբերում նա նշեց հանրապետության առաջավոր հանրակրթական ուսումնական հաստատությունների /<<Այբ>> դպրոց, <<Քվանտ>> վարժարան/ հետ հեռադասերի անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս համապատասխան լաբորատորիաներ չունեցող դպրոցների աշակերտներին տեսնել, թե ինչպես են կատարվում, օրինակ, քիմիայի փորձերը: Բացի այդ, դա փորձի փոխանակման լավագույն օրինակ է: Առաջընթաց համարեց նաև 2017-2018 ուսումնական տարում ձեռնարկատիրական տարրեր ինտեգրած փորձնական <<Տեխնոլոգիա>> առարկայի ներդրումը մարզի բոլոր դպրոցների մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում, ինչպես նաև <<Ձեռնարկատիրություն>> /10-րդ դասարան/ առարկայի փորձնական ծրագիրը մարզի 26 դպրոցներում: Նշվեց նաև,որ 2017 թվականից մարզի բոլոր դպրոցներում ներդրվել է <<Կայուն դպրոցական սնունդ>> ազգային ծրագիրը:
Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հորդորեց համայնքների ղեկավարներին ավելի սերտ աշխատել մարզպետարանի համապատասխան վարչությունների հետ, ժամանակին կատարել իրենց վերապահված գործառույթները: Ամփոփելով նիստը, Լևոն Սարգսյանը հանձնարարական տվեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանմանը, տոնական օրերին ուշադիր  լինել մարզի ճանապարհների սպասարկման հարցերում, համայնքների ղեկավարներին առաջարկեց օպերատիվ հերթապահություն սահմանել համայնքներում,  հետեևել բնակաչության համար սպասարկում  իրականացնող ծառայությունների աշխատանքին, ուշադրություն դարձնել հատկապես աղբահանության հարցերին,  գազի, հոսանքի ջրի մատակարարմանն ու անխափան ապահովմանը:

  Մարզպետի տեղակալը  մարզպետ Հովիկ Աբովյանի  և անձամբ իր անունից շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթեց մեր երկրին խաղաղություն, ժողովրդին՝ բարեկեցություն, բոլորիս ընտանիքներին՝ երջանկություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03