Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ենոքավանում բացվել է Տավուշի մարզի ամենամեծ արևային էլեկտրակայանը
25.12.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/14552_s.jpg)
Ենոքավանի <<Ապագա Ռեզորթ>> ակտիվ հանգստի գոտու տարածքում բացվել է Տավուշի մարզի ամենամեծ արևային էլեկտրակայանը: Բացմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, <<ԱԳԲԱ Լիզինգ>>-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը, «Սոլարոն» ընկերության տեխնիկական տնօրեն Վահե Շարաֆյանը, պաշտոնատար այլ անձինք: <<Արևային կայանի բացումը առաջընթաց է դեպի էներգետիկ անվտանգություն։ Դա հնարավորություն է օգտագործելու վերականգնվող էներգիայի Հայաստանի մեծ ներուժը և ապահովելու մեր երկրի էներգետիկ անկախությունը>>,- ողջույնի իր խոսքում նշել է փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Ենոքավանում բացված արևային կայանն ունի 147 կվտ դրվածքային հզորություն։ Այն կարող է արտադրել տարեկան մինչև 208.000 կվտ ժամ էլեկտրաէներգիա։ Գործարկման արդյուքնում կխնայվի ամսական միջինը 745 հազար դրամ, և 7.2 տոննայով կնվազեն մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը: ՀՀ Տավուշի մարզում արևի ինտենսիվությունը կազմում է ավելի քան 1500 կվտ ժամ տարեկան 1քմ մակերեսի վրա, ինչը 1.5 անգամ ավելին է, քան Եվրոպայում։
Տավուշի մարզի ամենահզոր ֆոտովոլտային կայանը տեղադրել է Հայաստանում առաջին և միակ արևային վահանակներ արտադրող <<Սոլարոն>> ընկերությունը: <<Սոլարոնի>> տեխնիկական տնօրեն Վահե Շարաֆյանի խոսքերով սա Հայաստանում առաջին <<ամենահայկական>> կայանն է, որի և´ նախագծումը, և´ վահանակների արտադրությունը, և´ տեղադրման աշխատանքներն իրականացվել են հայ մասնագետների կողմից: Կայանի ֆինանսավորումն իրականացրել է <<ԱԳԲԱ Լիզինգ>> վարկային կազմակերպությունը՝ վերականգնվող էներգիայի ֆոնդի միջոցով: