Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային
13.12.2017
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Մարզպետը ողջունել է պատվավոր հյուրին, շնորհակալություն հայտնել Տավուշի մարզ այց կատարելու համար: Եվ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, և մարզպետ Հովիկ Աբովյանն ընդգծել են , որ Տավուշի մարզի հետ Արգենտինայի քաղաքացիների բարեկամությունն արդեն տարիների պատմություն ունի: Մարզում մի շարք ծրագրեր, մասնավորապես Խաչարձան և Դիտավան համայնքներում, Իջևանի առողջության պահպանման առաջնային կենտրոնում իրականացվել են արգենտինահայ բարերարների աջակցությամբ ու ֆինանսավորմամբ: Դեսպանը նշել է , որ համագործակցությունը մարզի հետ կարելի է ընդլայնել՝ ընդգրկելով գյուղատնտեսության, կրթության, մշակույթի ոլորտները: Մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար մարզի առկա հնարավորությունները, աշխարհագրական և բնակլիմայական պայմանները, ելնելով մարզի զարգացման ռազմավարութունից՝ արդեն կատարված ներդրումները: Հանդիպման ընթացքում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման շուրջ:
Այնուհետև դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան և մարզպետ Հովիկ Աբովյանն այցելել են Իջևանի գինու և կոնյակի գործարան, ծանոթացել ձեռնարկության պատմությանն ու արտադրության ընթացքին: