Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է ուսուցիչների ատեստավորման գործընթացը
23.11.2017
Այսօր Տավուշի մարզպետարանում մեկնարկել է ուսուցիչների ատեստավորման գործընթացը: ,,Հանրակրթության մասին,, ՀՀ օրենքի համաձայն, կատեստավորվի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների մեկ հինգերորդը: Ատեստավորումն անց է կացվում պարզ ընթացակարգով, փաստաթղթային ատեստավորման եղանակով, ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ուսուցիչների ատեստավորման հանձնաժողովի կողմից` նախագահությամբ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի և քարտուղարությամբ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Հասմիկ Խաչատուրյանի: Նոյեմբերի 23-ին ատեստավորում անցան Իջևանի տարածաշրջանի դպրոցների ուսուցիչները: Հաջորդող օրերին կատեստավորվեն համապատասխանաբար Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների ուսուցիչները: Ատեստավորման արդյունքում կորոշվի ուսուցչի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին: Փաստաթղթային ատեստավորումից հետո, օրենքով ներկայացվող պահանջները բավարարելու դեպքում, ուսուցիչը կարող է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարին տարակարգ ստանալու խնդրանքով: Տեղեկացնենք, որ մինչ ատեստավորումը ուսուցիչները նախապես անցել են վերապատրաստման դասընթացներ, որն իրականացրել է Կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղը: