Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին տնտեսական զարգացման հետ կապված հարցեր
20.11.2017
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը խորհրդակցություն անցկացրեց Տավուշի մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուների և խոշորացված համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը: Հանդիպման առաջին հատվածում քննարկվեցին տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի հետ հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր: Սկսելով խորհրդակցությունը՝ Վարազդատ Կարապետյանը տեղեկացրեց, որ կարևոր փոփոխություն պետք է կատարվի մարզպետարանի աշխատանքային պլանի տնտեսական աջակցության մասում: <<Քանի որ մարզի զարգացման ռազմավարությամբ մարզպետարանի գործառույթներից մեկն էլ դարձել է նաև ձեռնարկատիրությանը աջակցությունը, աշխատատեղերի ստեղծումը, աջակցությունը գյուղատնտեսությանը, այդ բլոկը ամբողջովին պետք է ներառվի մարզպետարանի գործողությունների մեջ>>,-ասաց նախարարի տեղակալը և ներկայացրեց տնտեսական աջակցության նոր մեխանիզմները: Խորհրդակցության երկրորդ հատվածում Վարազդատ Կարապետյանը քննարկում անցկացրեց խոշորացված և հինգ հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքների կողմից առաջարկված տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատուների հետ: