Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
,,Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում,, ծրագրին նվիրված կլոր սեղան-քննարկում մարզպետարանում
17.11.2017
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ Տավուշի մարզում համընդհանուր ներառական կրթության ներդրման համատեքստում ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից պատվիրակված ՀՀ Տավուշի մարզում ,,Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում,, ծրագրին նվիրված կլոր սեղան-քննարկում, որը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը, մարզպետարանի, կրթության ու գիտության նախարարության պատասխանատուներ: Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հանդիպումը շատ կարևոր ու եզակի համարեց, քանի որ քննարվելու են ներառական կրթության բարեփոխումներին վերաբերող հարցեր, որը ենթադրում է մանկավարժահոգեբանական ծառայությունների ապակենտրոնացում: Նա նաև շնորհակալություն հայտնեց ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանին ու նրա թիմին, կրթության ու գիտության նախարարության ներկայացուցիչներին մարզում իրականացվող ծրագրերի և համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Այնուհետև ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը համառոտ ներկայացրեց Տավուշի մարզում ,,Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում,, ծրագիրը: Իսկ ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի տնօրեններ Արմինե Ներսիսյանը, Ռուզաննա Արզումանյանը, Գեղանուշ Գրիգորյանը և Լուսինե Անտոնյանը ներկայացրին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների գործընթացը, կրթական կարիքների գնահատման ցուցանիշները, ինչպես նաև վկայագրված երեխաների գնահատման վերաբերյալ թվային տվյալներ և համեմատական վերլուծություն: Օրվա երկրորդ կեսին քննարկման մասնակիցները ճանաչողական այց կատարեցին ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Իջևանի կենտրոն: