Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շրջայց ՄԱԶԾ ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի իրականացման համայնքներով

01.11.2017

Հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին նրանք շրջեցին մարզի մի շարք համայնքներով: Հիմնական կանգառները նախատեսված էին մարզի այն համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում ՄԱԶԾ ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի կողմից: Շրջայցին մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը, ՄԱԶԾ ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, համայնքների ղեկավարներ: Աշխատանքային խումբը նախ եղավ Իջևանի նորաստեղծ տուրիզմի կենտրոնում, որը հիմնադրվել է ,,Ինտեգրված աջակցություն գյուղական տուրիզմի զարգացմանը,, ծրագրի շրջանակներում: Կենտրոնը նոր է հիմնադրվել, նպատակն է օգնել մարզում զարգացնելու գյուղական տուրիզմը: Այստեղ աշխատակիցները նախարարին ներկայացրին իրենց առաջիկա ծրագրերը, մտահղացումները:
ՄԱԶԾ ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագիրը ՀՀ Կառավաության աջակցությամբ և գործընկերությամբ մեկնարկել է 2015 թվականին, տևելու է 5 տարի: Ընդհանուր 5 մլն դոլար ֆինանսավորմամբ մարզի 45 համայնքներում իրականացվելու են եկամուտ ակնկալող ծրագրեր կամ զարգացվելու են համայնքային ենթակառուցվածքներ՝ ներմուծելով որոշակի նորարարություններ: Դիտավան համայնքում սկսվել են 7,2 հա նոր պտղատու այգիների հիմնման աշխատանքները: Այգիների շահառուները 8-ն են, որոնք կազմավորվել են որպես ֆերմերային ոչ ֆորմալ խմբեր: Երեք հողակտորի վրա ունենալու են 7,2 հա ընկույզի, 2,2 հա արքայանարինջի և 1,6 հա հոնի այգիներ: Նոյեմբերի 15-ին արդեն կատարվելու է տունկը: Հաջորդ համայնքը, որտեղ այցելեց նախարար Դավիթ Լոքյանը, Սարիգյուղն էր: Այստեղ Ներքին Ծաղկավան համայնքի հետ միասին կազմավորվել է միջհամայնքային զարգացման հիմնադրամ, որի կառավարմամբ հիմնվել է գյուղմեխանիզացիայի կայան: Ծրագրի շրջանակներում արդեն ձեռք է բերվել 1 հացահատիկահավաք կոմբայն և 1 թրթուրավոր տրակտոր: Համայնքային հիմնադրամն իր համաֆինանսավորման միջոցներով կառուցել է կայանի շինությունը և գնել է 1 էքսկավատոր: Հիմնադրամը կառավարելու է նաև Ներքին Ծաղկավանի վարչական տարածքում կառուցվելիք ցորենի հավաքման կետի և ալրաղացի աշխատանքները: Այգեհովիտ համայնք ծրագիրը նոր է մուտք գործում: Համայնքը պետք է ընտրի, թե իր համար որ խնդրի լուծումն է առաջնային, որպեսզի ծրագրի միջոցով իրականցնի այն: Այդ նպատակով կայանում են համայնքային ժողովներ, որտեղ քննարկումների արդյունքում կորոշվեն առաջնահերթությունները: Համայնքային ժողովին մասնակցեցին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Ամփոփելով այցը՝ նախարար Լոքյանը նշեց, որ օրվա ընթացքում կարողացան տեսնել իրականացվող ծրագրի շատ փոքր հատվածը.
- ինչպես գիտեք ՄԱԿ-ի և պետության համատեղ ջանքերով Տավուշի մարզի համայնքներում իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի խթանել տնտեսության զարգացմանը: Շատ արդյունավետ են ջերմոցային տնտեսությունների հիմնման ծրագրերը բնակավայրերում, երբ գյուղերում 90,100,135 քմ տարածքով ջերմոցներ են հիմնվում , բայց ոչ թե բացարձակ անվճար, այլ գյուղացու համաֆինանսավորմամբ: Արդեն ունենք գյուղեր, որտեղ տարբեր ծրագրերով մի քանի տասնյակ այսպիսի տնտեսություններ են հիմնվել: Ընդհանուր ծրագրի շրջանակներում մարզում հիմնվելու են նաև գրեթե 60 հա ինտենսիվ այգիներ: Խնդիր ենք դրել նաև ունենալ տնկարանային տնտեսություններ, որպեսզի զարկ տանք բանջարեղենի արտադրությանը Բերդի տարածաշրջանում և պտղի արտադրությանը՝ Բագրատաշենի հատվածում: Նախատեսում ենք նաև սառնարանային տնտեսությունների, փաթեթավորման հնարավորությունների, մեքենատրակտորային պարկերի ստեղծում: Ընդհանուր առմամբ մենք մի քանի հազար քաղաքացիների օժանդակության խնդիր ենք լուծում այս ծրագրով,-տեղեկացրեց նախարարը:
Ըստ ժամանակացույցի, մարզի այն համայնքների թիվը, որոնցում ՄԱԶԾ ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականցվում, մինչև տարեվերջ կհասնի 26-ի:
Այցի ավարտին աշխատանքային խումբը նաև եղավ Լուսաձոր համայնքում, որտեղ ծանոթացավ <<ՀիմնաՏավուշ>> հիմնադրամի կողմից հիմնված ֆերմայի և կաթի վերամշակման արտադրության աշխատանքների ընթացքին:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03