Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏՈՆ ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ. ԽԱՉԱՓԱՅՏԻ ՄԱՍՈՒՆՔԸ ԻՐ ՏԱՆՆ ԷՐ՝ ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔՈՒՄ

03.10.2017

 Տավուշ աշխարհով շրջապտույտից հետո Վարագա Սուրբ Խաչի մասունքը հանգրվանեց Իր իսկական տանը՝ Նոր Վարագավանքում, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պատարագին ներկա էր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:
  Սուրբ Խաչի այս մասունքը Հայաստան է բերվել Սուրբ Հռիփսիմեանց կույսերի միջոցով և 13-րդ դարից ապաստանել Նոր Վարագավանքում: Ավանդույթի համաձայն՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը նաև տարածաշրջանի ու այս վանքի ուխտի օրն է:
  Նոր Վարագավանքը կրկին շնչում էր Տավուշ աշխարհի բոլոր ծագերից ու այլ վայրերից եկած բազմաթիվ ուխտավորների աղոթքներով ու փառաբանությամբ:
Իր քարոզում Բագրատ Սրբազանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Խաչափայտի մասունքին դիպչելու, համբուրելու, խոնարհվելու այս հնարավորությունը մեծագույն պատիվ ու պատասխանատվություն է՝ հրավիրելով տոնի խորհրդի միջից կրկին վերաարժևորելու Սուրբ Խաչի ներկայությունը.
«Այս խորանի վրա գտնվող ճաճանչը միայն զարդ չէ. այստեղ տերունական Խաչափայտի մասունքն է զետեղված. այսօր նաև Իր արյունն է մեզ հետ: Եվ մենք անընդհատ աղոթքի մեջ ասում ենք՝ «մենք Քո արյան գինն ենք»: Դու մեզ փրկել ես Քո արյունով, տվել ես մեզ հնարավորությունը մարդկային շղթաներից, կապանքներից վեր կանգնելու, փոքր, անպետք, անիմաստ հաշիվներից, որոնցով ընդհանրապես մեր կյանքի առաջնահերթություններն ենք սահմանում:
Քրիստոսի Խաչի ներկայությունը մեզ կոչում է վեր կանգնելու, բարձր տեսնելու, զգալու կյանքի երջանկության առաջնահերթությունները, ապրելու այն մեծ ուրախության մեջ, որով Աստված մեզ կոչում է վերջնական, հավիտենական փրկության, բայց ուզում է, որ այս կյանքում էլ կարողանանք պատվով ու արժանապատիվ ապրել: Մեզ չի զրկում այս կյանքի բարիքներն ունենալուց, ստեղծելուց և փոխանցելուց, բայց նաև մեզ համար նպատակ է, թե մենք ինչպես ենք ընթանում՝ Իր հետ վերջնական հանդիպում ունենալու:
Եվ այս խորհուրդն է, որ մենք կյանքում երբեմն սովորական ենք դարձնում, ոչնչացնում ու փչացնում ենք՝ շղթաներով կապված ենք լինում թե՛ մեր անցյալից, և թե՛ իրականությանը հարմարված, որ այլևս չենք էլ զգում, որ այդ շղթաները, այդ անպիտան հարցերը մեր կյանքին ոչ մի ձևով օգտակարություն չունեն»:
  Հավարտ Սուրբ Պատարագի վանքի գավիթում կատարվեց նաև Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս կողմերի օրհնություն:
«Մեր մաղթանքն է, որ մենք կարողանանք հոգով, սրտով և մտքով զգալ այն մեծ օրհնությունը, որ տերունական Խաչի ուղղակի ֆիզիկական հպումի և շփումի միջից դեպի մեզ է գալիս: Եվ առաքյալի պես մենք էլ այնքան ջանք, այնքան կամք, այնքան զորություն ունենանք՝ ծուլությունից, անտարբերությունից հեռու, որ կարողանանք մենք էլ իսկապես ասել, թե՝ աշխարհը ինձ համար խաչված է, և ես էլ աշխարհի համար եմ խաչված, որովհետև միակ պարծենալիքս Քրիստոսի Խաչն է՝ սիրո մեծագույն խորհուրդը»:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-15 16:33:21