Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը

29.09.2017

  Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հերթական մամուլի ասուլիսը, որտեղ ամփոփվեցին վերջին մեկ տարվա ընթացքում մարզպետարանի գործունեության ոլորտներում իրականացրած ծրագրերն ու դրանց արդյունքները, կատարվեցին կանխատեսումներ հետագա անելիքների վերաբերյալ: Հարցերը, որոնք տրվեցին լրագրողների կողմից, բազմաբնույթ էին և վերաբերում էին տարբեր ոլորտների. ներդրումային ծրագրեր, ստեղծված աշխատատեղեր, համայնքների սեփական եկամուտների կատարման և մթերումների ընթացք, աղբահանության ոլորտում կատարված աշխատանքներ, անտառպահպանման խնդիրներ: Մարզպետն այդ բոլորի, ինչպես նաև ընթացիկ իրականացվող այլ միջոցառումների մասին հանդես եկավ մանրամասն տեղեկատվությամբ: Մասնավորապես նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում կատարվել է 11 մլրդ 450 մլն. դրամի ներդրում, որն իր հետ բերել է հիմնական 700 և ժամանակավոր 300 աշխատատեղ: Այս ամփոփ տվյալն իր մեջ ընդգրկում է և ՀՀ կառավարության կողմից պետական բյուջեից հատկացրած միջոցները, և միջազգային ծրագրերի և մասնավորի կողմից կատարած ներդրումների ընդհանուր գումարը, որը ներդրվել է գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում: Կան ծրագրեր, որոնք նախատեսվել են տարիների համար և շարունակական են, ինչպես, օրինակ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող ծրագիրը կազմված է 5 տարվա համար, և արդեն 2-րդ տարին է իրագործվում: Ծրագրում ընդգրկված է մարզի 45 համայնք: Արդեն ծրագրի շրջանակներում ստեղծվել են տարբեր ջերմոցային և սառնարանային տնտեսություններ, չրանոցներ, գյուղատնտեսական մեքենաների հավաքակայաններ /տրակտորներ, կոմբայններ, վարող, ցանող սարքավորումներ/: Ըստ ժամանակացույցի 5 տարվա ընթացքում նման ներդրումներ դեռ կատարվելու են: Մարզպետն անդրադարձավ նաև Եվրամիության ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումներին 1 մլրդ 626 մլն. դրամ ընդհանուր գումարով, որոնք համաֆինանսավորվում են ՀՀ կառավարության կողմից: Կան նաև մասնավոր ներդրումների լավ օրինակներ, ինչպես <<Տավուշտեքստիլ>> և <<ՀիմնաՏավուշ>> ընկերությունները, որոնք բավականին մեծ ներդրումներ են կատարել՝ ստանալով շոշափելի արդյունքներ: <<Տավուշտեքստիլի>> շնորհիվ Բերդի տարածաշրջանում ստեղծվել է 450 աշխատատեղ, իսկ առաջիկա տարվա ընթացքում այդ թիվը հասնելու է 1500-ի: Արդեն սեփականատիրոջ կողմից ներդրվել է 5 մլն. ԱՄՆ դոլար: <<ՀիմնաՏավուշը>> նույնպես շարունակում է իր ակտիվ գործունեությունը՝ ընդլայնելով նաև գործունեության շրջանակները՝ անասնապահությունից բացի զբաղվելով այգիների հիմնմամբ, ոռոգվող տարածքների ավելացմամբ: Նախատեսված 500000 եվրո բյուջեին այս տարի գումարվել է նաև 800000 եվրո:
Կապված գյուղատնտեսության ոլորտի հարցերի հետ, հատկապես անդրադարձ եղավ մթերումների խնդրին: Նշվեց, որ խաղող մթերելու են Իջևանի գինու և կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը և Նոյեմբերյանի տարածաշրջանում Դեբեդավանի մթերման կետը, որը հանդիսանում է Երևանի գինիների գործարանի մասնաճյուղը: 2700 տ արդեն մթերվել է 1 կգ-ը 130 դրամով, ակնկալվում է, որ կմթերվի 10000 տոննա խաղող: Վերամշակող արտադրամասերում արդեն մթերվել է 450 տոննա պտուղ և բանջարեղեն, 500 տոննայից ավելի արտահանվել է, և ըստ վիճակագրության ակնկալվում է, որ ևս 700-800 տ սպառվելու է ներքին շուկայում:
Մարզպետը տեղեկացրեց, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 504,5 մլն. դրամ, որը կազմում է նախատեսվածի 84,1 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է հավաքագրվել 70,4 մլն. դրամ:
Անդրադառնալով անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքին և Հաղարծին գյուղում միջպետական ճանապարհին պարբերաբար կազմակերպվող բողոքի ակցիաներին, մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ խնդիրը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ քննարկվել է մարզպետարանում, հրավիրվել են բոլոր խնդիր ունեցող անձինք և անտառտնեսությունների ներկայացուցիչները: Ապա հարցը քննարկվել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ: Վարչապետի կողմից հանձնարարվել է պատասխանատուներին՝ համալիր վերլուծություն ներկայացնել անտառհատումների ծավալի (ապօրինի և օրինական), անտառպահպանության և անտառտնտեսությունների գործունեության վերաբերյալ՝ առաջարկելով սահմանել անտառհատումների որոշակի շեմ և խիստ պատիժ նախատեսել այն խախտողների նկատմամբ:
Մարզպետը տեղեկացրեց, որ մարզի անտառամերձ տարածքներում ապրող բնակիչներին /մոտավորապես 11000 տնտեսություն/ հնարավորություն է տրվելու որպես վառելափայտ օգտվել ձնատապալի կամ քամատապալի արդյունքում առաջացած թափուկներից: Նույն նպատակի համար ևս 4000 խմ վառելափայտի հնարավորություն կտրվի <<Հայանտառի>> կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05