Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ <<Միասին ապրել, միասին սովորել. որակյալ ներառական կրթություն ստանալու երեխայի իրավունքը>> ծրագրի համակարգող խորհրդի նիստը

26.09.2017

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ <<Միասին ապրել, միասին սովորել. որակյալ ներառական կրթություն ստանալու երեխայի իրավունքը>> ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որը վարում էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Մասնակցում էին <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Թադևոսյանը, <<Առաքելություն Արևելք>> կազմակերպության, Տավուշի մարզպետարանի համապատասխան վարչությունների, <<Հույսի կամուրջի>> տարածքային կենտրոնների ներկայացուցիչները:
<<Միասին ապրել, միասին սովորել>> ծրագիրը Տավուշի մարզում գործում է 2009 թվականից, այն իրականացվել է <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի, <<Առաքելություն Արևելք>> կազմակերպության, ՀՀ Տավուշի մարզպետարանի և ՀՀ ԿԳՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Ծրագրի նպատակն էր նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների որակյալ ներառական կրթություն ստանալու իրացմանը: Ողջունելով նիստի մասնակիցներին, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը նշեց, որ ամբողջ թիմով, բոլոր այն օղակներով, մարզպետարան, հասարակական կազմակերպություններ, դպրոցներ, որոնք ընդգրկված են եղել ծրագրի իրականացման որևէ փուլում, արդյունավետ ճանապարհ են անցել: Արդյունքներն այնքան դրական են, որ Տավուշի մարզի մոդելը դարձել է օրինակելի մյուս մարզերի համար և հիմք է ծառայել համընդհանուր ներառական կրթության համար: Լևոն Սարգսյանը հույս հայտնեց, որ այսուհետ նույնպես, երբ տեղի է ունեցել երեխայի կարիքների գնահատման ամբողջ համակարգի ապակենտրոնացում, և այն արդեն իրականացվելու է <<Հույսի կամուրջի>> տարածքային կենտրոնների միջոցով, կշարունակվի նույն թիմային կազմակերպված աշխատանքը: Փոխանցելով նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի խոսքը, ընդգծեց, որ այսուհետ պետք է ավելի աչալուրջ լինել, քանի որ մեծ պատասխանատվություն է դրվել կենտրոնների վրա:
 <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը ծրագրի ֆինանսական կողմն ապահովելու համար շնորհակալություն հայտնեց <<Առաքելություն Արևելք>> կազմակերպությանը և Տավուշի մարզպետարանին՝ ծրագրի ամբողջ ընթացքում գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Տեղեկացրեց, որ ծրագրի արդյունքներն ավելին են, քան ակնկալվում էր: Այն ՀՀ կառավարության կողմից ճանաչվեց որպես փորձնական ծրագիր, և դրանից ելնելով ՀՀ կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարվեցին, մշակվեց ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվեց հանրակրթության համակարգում անցոմ կատարել համընդհանուր ներառական կրթության՝ կիրառելով երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ:
 Նիստում քննարկվեց նաև հետագա անելիքները կազմակերպելու նպատակով խորհուրդ ստեղծելու գաղափարը: Առաջարկվեցին խորհրդի կազմի տարբեր ձևաչափեր, որոշվեց առաջիկայում տեղերում շարունակել քննարկումները, հաջորդ հանդիպմանը ի մի բերելով կարծիքները, հաստատել խորհրդի կազմը, քանի որ կարևորագույն որոշումները հնարավոր կլինի ընդունել միայն խորհրդի կազմով: Որոշվեց նաև առաջիկայում մարզի դպրոցներում անցկացնել ,,Որակյալ ներառական կրթություն ստանալու երեխայի իրավունքը,, թեմայով մանկավարժական, աշակերտական և ծնողական խորհուրդների համատեղ համաժողովներ ըստ նախապես կազմված ժամանակացույցի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57