Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին անտառային ոլորտին առնչվող խնդիրներ
22.09.2017
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը խորհրդակցություն անցկացրեց ,,Հայանտառ,, ՊՈԱԿ-ի Տավուշի մարզի տնօրենների ու մասնագետների, ,,Դիլիջան,, ազգային պարկի և ոստիկանության ներկայացուցիչների, համայնքների՝ փայտանյութի հետ առնչվող շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին ,,Հայանտառ,, ՊՈԱԿ-ի տնօրենը, բնապահպանության նախարարության ներկայացուցիչը, մարզի դատախազը և ոստիկանության մարզային վարչության պետը: Բացելով խորհրդակցությունը՝ մարզպետը նախ շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախացման 26-րդ տարեդարձի առթիվ, այնուհետև անդրադարձավ սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել է օրերս մարզի Հաղարծին գյուղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքը: Այնուհետև տեղի ունեցավ բաց քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց մտահոգություններն ու խնդիրները: Մարզպետը վստահեցրեց, որ բարձրացված հիմնական հարցերը, որոնք վերաբերում են ,,Դիլիջան,, ազգային պարկի և ,,Հայանտառ,, ՊՈԱԿ-ի փայտանյութի գների միասնականացմանը, ընդհանրապես միասնական գների և միասնակական չափորոշիչների սահմանմանը, Դիլիջան համայնքի բնակիչներին ևս թույլտվություն տալուն՝ օգտվելու տարեկան ոչ արտադրական նպատակով տրամադրվող 8 խմ թափուկ վառելափայտ ձեռք բերելու հնարավորությունից, ոլորտում հավասար մրցակցային դաշտի ստեղծմանը, հնարավորինս սեղմ ժամկետում կքննարկվեն պատկան մարմինների հետ և առաջիկայում դրանց վերաբերյալ ևս մի քննարկում կանցկացվի: