Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագիրը փոխանցվեց ՀՀ Կառավարության ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրի իրականացման պատասխանատվությանը

08.09.2017

  ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ 2010 թվականից Հայաստանում մեկնարկած ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրում ընդգրկված Տավուշի մարզը 2017 թվականի սեպտեմբերից փոխանցվում է ՀՀ Կառավարության ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրի իրականացման պատասխանատվության ներքո և կընդգրկվի ՀՀ Կառավարության ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրում: Այդ առթիվ այսօր պաշտոնական հանձնման հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ Հաղարծնի միջնակարգ դպրոցում: Ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Պասկալ Միշոն, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Անդրեյ Իվանովը, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական կապերի բաժնի պետ Պավել Եվսեևը և ուրիշներ: Հյուրերին աղ ու հացով, երգ ու պարով դիմավորեցին դպրոցի աշակերտները: Ծրագրի պաշտոնական հանձնման արարողությունը բացեց և հյուրերին ողջունեց մարզպետ Հովիկ Աբովյանը: Նա բարձր գնահատեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործունեությունը մարզում և շնորհակալություն հայտնեց կատարված մեծածավալ աշխատանքների համար: Նշեց, որ մարզի տարրական կրթություն իրականացնող 75 դպրոցներից 74-ը ընդգրկված էին ,,Դպրոցական սնունդ,, ծրագրում, իսկ 75-րդ դպրոցը սեպտեմբերից է միացել ծրագրին՝ ի շնորհիվ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ դպրոցի խոհանոցում և ճաշարանում իրականացված նորոգումների և տրամադրված խոհանոցային սարքավորումների: Մարզպետը կարևորեց ծրագրի այս սահուն անցումը ՀՀ կառավարությանը՝ նշելով, որ այսուհետ բոլոր սննդատեսակների համար գումարները հատկացվելու են դպրոցներին և գնումները կատարելու են դպրոցները: Դա կնպաստի մարզում գյուղմթերքների արտադրությանը, հետևաբար և ապրանքաշրջանառությանը: Այնուհետև մարզպետը շնորհակալագրեր հանձնեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակին՝ կատարած աշխատանքների համար և ՌԴ-ի սննդի ճյուղային ինստիտուտին՝ խոհարարական դասընթացներ կազմակերպելու և ծրագրին ակտիվ մասնակցելու համար: Իր խոսքում նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին, Պարենի համաշխարհային գրասենյակին՝ ի դեմս Պասկալ Միշոյի, նշելով, որ ծրագիրը ոչ միայն սննդի է, այլև ամբողջովին մշակված մեթոդիկա է: Բարձր գնահատեց Պարենի համաշխարհային կազմակերպության դերակատարումը՝ սկսած ծրագրի ներմուծումից մինչև ծրագրի ընդլայնում և տեխնիկական աջակցություն: Կարևորեց ռուս գործընկերների ներդրումը և հույս հայտնեց, որ մի քանի տարի հետո ծրագիրը կդառնա ինքնաբավ: Իսկ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Անդրեյ Իվանովը ողջունեց դեսպան Իվան Վոլինկինի անունից՝ նշելով, որ աճող սերնդի առողջությունը անգնահատելի է, նաև շնորհակալություն հայտնեց հանուն երեխաների բարեկեցության համատեղ աշխատանքի համար:
 Պաշտոնական արարողությունից հետո բոլոր մասնակիցները այցելեցին դպրոցի նոր վերանորոգված և անհրաժեշտ գույքով հագեցած խոհանոց և երեխաների հետ մասնակցեցին դպրոցական ճաշին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 16:44:29