Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը

07.09.2017

 Սեպտեմբերի 6-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարն այցն սկսել է Լուսաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի անասնապահական համալիրից, շրջել համալիրի տարածքում, ծանոթացել արտադրական կարողություններին: Պատասխանատուները ներկայացրել են տեղեկատվություն ֆերմայի կարողությունների և կաթի մթերման ծավալների մասին, տեղեկացրել, որ այստեղ օրական մշակվում է շուրջ 1500 լիտր կաթ, որից ստացված պանրի տեսականիները /շուրջ 10 տեսակի/, կարագը և մյուս կաթնամթերքները իրացվում են թե ներքին և թե արտաքին շուկայում, առաքվում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Նախարարն այնուհետև ուղևորվել է սահմանամերձ Սարիգյուղ համայնք, հանդիպում ունեցել Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, մեղվաբույծների, ֆերմերների ու գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Մուլտի-Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն, Հայաստանի մեղվաբույծների ազգային ասոցիացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը: Տիկին Ծառուկյանը և մեղվաբույծները ներկայացրել են իրենց անհանգստացնող թիվ մեկ խնդիրը, այն է՝ արտադրված մեղրի իրացումը: Աչաջուր համայնքից ճանաչված մեղվաբույծ Վոլոդյա Ղալթախչյանը ներկայացրել է, որ 400 մեղվաընտանիք ունի և այս տարի արտադրել է շուրջ 5 տոննա մեղր, որի իրացման համար պայմաններ չկան: Տիկին Ծառուկյանը արտադրանքի իրացման նպատակով առաջարկ է ներկայացրել մարզում մեղրի ընդունման կետեր բացելու վերաբերյալ, որը կունենա և լաբորատորիա, և կկատարվի անհրաժեշտ փաթեթավորում: Իսկ համայնքների ղեկավարները արտահայտել են իրենց մտահոգությունը ոռոգման համակարգի խնդիրների վերաբերյալ: Իգնատի Առաքելյանն ասել է, որ առաջիկայում կհրավիրվեն մասնագետներ, կկատարվեն ուսումնասիրություններ և խնդրի լուծման տարբերակներ կգտնեն: Նախարարի շրջայցի հերթական կանգառը սահմանամերձ Բերքաբերն էր, որտեղ համայնքի բնակիչները որպես առաջնային լուծման խնդիր ներկայացրել են դարձյալ ոռոգման ջրի հարցը: Հունիսի 10-ի կարկտահարությունից տուժել էին Բերքաբեր համայնքի գյուղացիական տնտեսությունների ցանքատարածությունները և բազմամյա տնկարկները: Նախարարը խոստացել է կարկտահարությունից տուժած այդ տնտեսություններին անհատույց տրամադրել աշնանացան ցորենի սերմացու շուրջ 25 հա աշնանացան կատարելու համար: Նոյեմբերյանի տարածաշրջանում Այրում համայնքի բնակավայրերի վարչական ներկայացուցիչների հետ քննարկվել է նոր ինտենսիվ այգիներ հիմնելու տեսլականը: Նախարարին տեղեկացվել է, որ մարզպետարանի միջոցով արդեն ծանոթ են գյուղատնտեսության նախարարության՝ կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային համակարգի նորագույն տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրերին, որոնք հնարավորություն կստեղծեն նոր ինտենսիվ այգիներ հիմնելու և կնպաստեն գյուղատնտեսական հողերի առավել արդյունավետ օգտագործմանը: Նախարար Իգնատի Առաքելյանի աշխատանքային այցը Տավուշի մարզում եզրափակվել է այցելությամբ ,,Գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿ,,-ի շրջանակներում հիմնված ,,Հայկական միրգ,, ընկերության այգիներ: Նախարարը գոհ է մնացել կատարված աշխատանքներից: Մասնագետները վստահեցրել են, որ նոր ինտենսիվ այգիների հիմնմամբ կկարողանան ընդլայնել մշակովի հողատարածքները և իրենց փորձը կփոխանցեն նոր այգիներ հիմնողներին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 16:44:29