Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջեւանը հռչակվել է 2018 թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք

06.09.2017

Սեպտեմբերի 4-ին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվել են 2018 թվականի «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Ներկա են եղել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, նախարարության եւ հայտ ներկայացրած քաղաքների ներկայացուցիչները, ինչպես նաեւ փորձագետները: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, ՀՀ Տավուշի մարզի Իջեւան եւ ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքները: Փորձագիտական խումբը մինչ SMS քվեարկության մեկնարկն այցելել էր հայտ ներկայացրած քաղաքներ եւ ծանոթացել երիտասարդների խնդիրներին եւ ներուժին: Դավիթ Հայրապետյանը ներկայացրել է SMS քվեարկության եւ փորձագետների գնահատականների արդյունքները, որոնց հանրագումարում ստացվել է հետեւյալ պատկերը՝ Ջերմուկ –12 միավոր, Գավառ -26 միավոր, Իջեւան - 28 միավոր: Մրցույթի հայտերի փորձագիտական գնահատման եւ SMS քվեարկության արդյունքում 2018 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը շնորհավորել է երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Իջեւանի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել ՀՀ երիտասարդական փոխմայրաքաղաք Գավառի եւ 3-րդ տեղը զբաղեցրած Ջերմուկի ներկայացուցիչներին: Իջեւան քաղաքի ներկայացուցիչ Նարեկ Վարշամյանը նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանն ու փորձագետներին՝ նմանաբնույթ ծրագիր իրագործելու համար, այնուհետև նշել, որ Իջեւան քաղաքի հաղթանակն իսկապես անակնկալ էր: «Անկախ նրանից՝ կհաղթեր Գավառը կամ Ջերմուկը, մենք յուրաքանչյուրի համար ուրախ կլինեինք, քանի որ, ի վերջո, հաղթում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Նարեկը եւ հավելել, որ Ջերմուկի եւ Գավառի ներկայացուցիչներին սպասում են Իջեւանում:
Տեղեկացնենք, որ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվում է 2013 թվականից: 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք է ընտրվել Սիսիան քաղաքը, 2015 թվականին՝ Ստեփանավան քաղաքը, 2016 թվականին՝ Գյումրի քաղաքը, 2017 թվականին՝ Չարենցավան քաղաքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56