Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի ԱԱՊԿ-ում բացվեց վերանորոգված ու ժամանակակից սարքավորումներով վերազինված ռենտգեն կաբինետ

05.09.2017

  Այսօր Իջևանի Առողջության առաջնային պահպանման կենտրոնում հաճելի իրադարձություն էր: Այստեղ տեղի ունեցավ վերանորոգված ու ժամանակակից սարքավորումներով վերազինված ռենտգեն կաբինետի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, արգենտինահայ բարերարները: Հյուրերը նախ շրջեցին կենտրոնի հարկաբաժիններում, որից հետո տեղի ունեցավ կաբինետի բացումը: ԱԱՊԿ-ի տնօրեն Գրիգոր Նազինյանը ողջույնի իր խոսքում շնորհակալություն հայտնեց բարերարներին, ովքեր այսօր դարձել են բուժհիմնարկի լավագույն բարեկամն ու աջակիցը: Նշեց, որ վերջին տարիներին քայլ առ քայլ բարելավվել են կենտրոնի աշխատանքային պայմանները: ,,Այս ձեռքբերումներին մենք միայնակ չենք հասել: Մեր կողքին են եղել մարզպետարանը, առողջապահության նախարարությունը և, իհարկե, մեր հարգարժան բարեգործները,- ասաց նա և կոլեկտիվի անունից ռենտգեն սարքավորում նվիրաբերելու համար շնորհակալություն հայտնեց Արտո և Հիլդա Գալտճեաններին, Թերզյան, Ավագյան, Տէմիրճեան ընտանիքներին, բժիշկ Սարգսին, ով կարողացավ բարերարների օգնությամբ երազանքը իրականություն դարձնել, ՖԱՅԴԵՔ Հայաստան հիմնադրամին, ում աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ ձեռք են բերվել ոչ միայն նոր սարքավորումներ, վերանորոգված սենյակներ, այլև հայրենանվեր բարեկամներ: ,,Նրանց հետ համատեղ 5 տարվա համագործակցության արդյունքում իրականացրել ենք կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման ծրագիր,,-շարունակեց խոսքը կենտրոնի տնօրենը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից ողջունեց և շնորհակալիքի խոսք ասաց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նշեց, որ սեպտեմբերի 5-ը Բարեգործության միջազգային օրն է, և պատահական չէ, որ միջոցառումը համընկել է այդ օրվա հետ: Իր խոսքում մարզպետի տեղակալը կարևորեց բարերարների գործունեությունը հայրենիք-սփյուռք կապը ամրապնդելու տեսանկյունից, նշեց, որ բարերարների միջոցներով արդեն բազմաթիվ ծրագրեր են իրականացվել մարզի տարբեր համայնքներում և շարունակվում են իրականացվել: Մարզպետի անունից Լևոն Սարգսյանը օրվա առթիվ շնորհավորեց ու նաև նվերներ հանձնեց արգենտինահայ բարեգործներին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03