Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների ու տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

29.08.2017

 Այսօր՝ օգոստոսի 29-ին, Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների ու տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ կրթության ու գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը: Խորհրդակցությունը ողջույնի խոսքով բացեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և շնորհակալություն հայտնեց փոխնախարարին ներկայության համար: Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը հանգամանորեն ներկայացրեց անցած ուսումնական տարում կատարված աշխատանքները, անդրադարձավ առկա խնդիրներին: Նշվեց, որ 2017-2018 ուստարվա նախնական թվային տվյալների վերլուծությամբ նկատվում է աշակերտների, հետևաբար նաև դասարանների աճ: Անդրադարձ եղավ ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման, տարակարգի ստացման, ինչպես նաև տնօրենների վերապատրաստման ու հավաստագրման գործընթացին: Նշվեց, որ փաստաթղթային ատեստավորումից հետո տարակարգի ստացման համար 2016-2017թ.թ. ընթացքում մարզից տասներկու ուսուցիչ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն և ստացել որակավորման առաջին աստիճանի տարակարգ: Խոսելով նախադպրոցական կրթության մասին, նշվեց, որ նախադպրոցական կրթությունը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու հարցը քննարկվել է 2017թ. հուլիսի 21-ին Տավուշի մարզում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից անցկացված խորհրդակցության ընթացքում: Եվ կրթական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար առաջարկություններ են ներկայացվել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:
  2016-2017 ուստարին հագեցած է եղել բազմաթիվ միջոցառումներով, ինչպես «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 8-րդ մրցույթ-փառատոնը, <<Նամակ զինվորին>> թեմայով շարադրությունների մրցույթը, ռուսական երգի փառատոնը, ասմունքի հանրապետական փառատոնը, <<Ընթերցման հանրապետական օլիմպիադա-2017>>-ը և այլն, որոնց հաջողությամբ մասնակցել են մարզի դպրոցականները:
 ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ տարածքային համապատասխան բաժինների հետ համագործակցության արդյունքում զգալիորեն նվազել է իրավախախտման հակում ունեցող, դժվար դաստիարակվող, նախկինում դատապարտված անչափահասների թիվը: Տարվա ընթացքում պրոֆիլակտիկ կանխարգելիչ և դաստիարակչական բնույթի մի շարք միջոցառումներ են անցկացվել հաշվառման մեջ գտնվող անչափահասների շրջանում` նրանց կողմից կրկնահանցագործության դեպքերը կանխելու նպատակով:
 Անդրադառնալով ներառական կրթությանը, նշվեց, որ այն Տավուշի մարզի դպրոցներում դարձել է իրականություն և արդեն տվել է իր արդյունքները: 2016թ. ընթացքում Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից տրված եզրակացության հիման վրա վկայագրվել և ներառական կրթության համակարգում ընդգրկվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 150 երեխա: Իսկ 2016թ. գարնանը գնահատման կենտրոնի կողմից տրված եզրակացության հիման վրա վկայագրվել է 200 երեխա:
 Խոսելով մարզի թվով 27 հանրակրթական ուսումնական հաստատություններում 2017թ. ապրիլի 10-ից 28-ը իրականացված տեսչական ստուգումների արդյունքների մասին, զեկուցողը նշեց, որ ՀՀ Տավուշի մարզպետի և ՀՀ կրթության պետական տեսչության պետի կողմից խախտումներ ունեցող դպրոցներին տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ:
Մարզի հանրակրթական դպրոցներում որպես 2016-2017 ուստարվա առկա խնդիր նշվեց ուսուցչի թափուր տեղի համալրման հարցը: Սահմանամերձ դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերը համարելու նպատակով առաջարկվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար ֆակուլտետում բացել <<Ռուսաց լեզու և գրականություն>> և <<Հատուկ կրթություն>> բաժիններ, իսկ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ընդունելության նպատակային տեղեր հատկացնել համապատասխանաբար <<Հատուկ կրթություն>>, <<Օտար լեզուներ /ռուսաց լեզու և գրականություն/>>, <<Սկզբնական կրթություն /տարրական մանկավարժություն և մեթոդիկա/>> և <<Մարզչամանկավարժական ֆակուլտետ>>-ներում:
  Հարակից ելույթով մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը ներկայացրեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից մարզում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքը: Նշվեց, որ Տավուշի մարզի տարրական կրթություն իրականացնող 75 դպրոցներից 74-ը նախորդ ուսումնական ծրագրում ընդգրկված էին, 75-րդ դպրոցը սեպտեմբերից կմիանա ծրագրին՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ դպրոցի խոհանոցում և ճաշարանում իրականացված նորոգումների և տրամադրված խոհանոցային սարքավորումների շնորհիվ։
   ՀՀ կրթության ու գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանն իր ելույթում անդրադարձավ կրթական բարեփոփումների ընթացքին, կրթության որակի բարելավման հարցերին, ասելով, որ դպրոցը պետք է լինի համայնքային կյանքի կենտրոնը: Խոսելով ուսուցչի դերի մասին՝ նա ընդգծեց գիտելիք, հմտություններ և արժեհամակարգ շղթայի պարտադիր առկայությունը: Փոխնախարարը պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող հարցերին: Խորհրդակցությունն ամփոփեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Շնորհավորելով բոլորին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ՝ մարզպետն այնուհետև շնորհակալագրերով ու պատվոգրերով պարգևատրեց մի շարք դպրոցների ու դպրոցների տնօրենների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03