Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր

16.08.2017

  Օգոստոսի 14-15-ը բարեկամական այցով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում էր Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական նահանգի պատվիրակությունը փոխնահանգապետ Ազիզ Ֆայիլիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Դելիջանի գավառապետ Մուհամադ Քորդին, քաղաքապետ Մեհդի Էսմայելին, քաղաքային խորհրդի նախագահ Ղոլամալի Ջամանիզադեն, քաղաքային խորհրդի անդամներ Ալի Մուհամադ Էսլամին և Ռահման Դելավերին, քաղաքապետարանի հանրային կապերի պատասխանատու Բեհզադ Նաջաֆին, նահանգապետարանի տնտեսական հարցերով փորձագետ Մուհամադ Բաղեր Ջաֆարին, փորձագետ Թահեր Էբրահիմին: Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանի, Կարեն Ադամյանի, մարզպետի խորհրդական Աղաբեկ Գալստյանի, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ իրանցի հյուրերը առաջինն այցելեցին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն, որտեղ ծանոթացան բանկի եւ հայկական դրամի պատմությանը: Նրանք այցելեցին նաև Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, ծանոթացան թանգարանի պատմությանն ու ցուցադրված արվեստի ստեղծագործություններին: Օգոստոսի 15-ին արդեն Դիլիջանի քաղաքապետարանում տեղի ունեցավ երկու կողմերի հանդիպում-խորհրդակցություն, որտեղ քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ողջունելով հյուրերին, նա ներկայացրեց մարզն իր աշխարհագրական դիրքով, բնակլիմայական պայմաններով, առանձնահատկություններով ու գերակա ուղղություններով: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԻԻՀ Կենտրոնական նահանգի փոխնահանգապետ Ազիզ Ֆայիլին ներկայացրեց Կենտրոնական նահանգն իր բոլոր կողմերով՝ հույս հայտնելով, որ ստորագրվող փաստաթղթերով արդյունավետ համագործակցություն կծավալվի ինչպես Դելիջան և Դիլիջան քաղաքների, այնպես էլ ՀՀ Տավուշի մարզի և ԻԻՀ Կենտրոնական նահանգի միջև: Իսկ Դիլիջան և Դելիջան քաղաքների ղեկավարները նեկայացրին իրենց քաղաքների առաջնահերթությունները, համագործակցության հնարավորությունները ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այն է՝ զբոսաշրջություն, կրթություն, մշակույթ: Հանդիպման ավարտին ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր ինչպես ԻԻՀ Կենտրոնական նահանգի և Տավուշի մարզի, այնպես էլ իրանական Դելիջան և հայկական Դիլիջան քաղաքների միջև երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնելու և ընդլայնելու վերաբերյալ: Ստորագրված փաստաթղթերում մասնավորապես նշված էր զբոսաշրջության, պատմական հուշարձանների վերանորոգման, ձեռարվեստի արտահանման մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57