Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի հերթական նիստում

27.07.2017

Այսօր՝ հուլիսի 27-ին, տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը: Այն վարում էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը և Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը: Սկսելով նիստը, մարզպետ Հովիկ Աբովյանը բոլոր համայնքների և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց հուլիսի 21-ին մարզում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից անցկացրած խորհրդակցության հանձնարարականների վրա: Նշեց, որ արդեն ստեղծվել է հանձնախումբ, որն ամենայն մանրամասնությամբ մարզում կզբաղվի աղբահանության հարցերով, առանձին –առանձին քննարկվել և դեռ կքննարկվեն մյուս ոլորտներում առկա խնդիրները, որպեսզի առավել արդյունավետորեն կատարվեն խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականները:
Օրակարգի առաջին հարցը, որ վերաբերում էր համայնքների սեփական եկամուտների կատարմանը, ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 1638.4 մլն. դրամ, որը կազմում է առաջին կիսամյակի նախատեսվածի 97.3%-ը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 346.7 մլն. դրամ կամ կատարվել է նախատեսվածի 83.0 %-ը: Ըստ համայնքների և ըստ առանձին եկամտատեսակների վերլուծելով սեփական եկամուտների կատարողականները, մարզպետ Հովիկ Աբովյանը հանձնարարական տվեց սեղմ ժամկետում ձեռնարկել կտրուկ միջոցներ եռամսյակային համամասնություններով սահմանված սեփական եկամուտները հավաքագրելու ուղղղությամբ:
Ռ Ներսեսյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թվականի հուլիսի 21-ին ՀՀ Տավուշի մարզում անցկացրած խորհրդակցության արձանագրության հանձնարարականի համաձայն կրկին անգամ վերլուծվել են մարզի համայնքների 2017 թ. տարեկան բյուջեով նախատեսված սեփական եկամուտները և վեր են հանվել տեղական բյուջեների եկամտատեսակների հնարավոր ավելացումները: Համայնքները 2017 թվականի տեղական բյուջեները ընդունել են 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին և գույքահարկի նախատեսումները կատարել են հիմք ընդունելով 2016թ. բազային տվյալների հաշվարկները: 2016 թ. բազային տվյալների համաձայն ֆիզիկական անձանց գույքահարկը մարզի կտրվածքով կազմում է 314.4 մլն. դրամ, իսկ 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ այն կազմում է 337.5 մլն. դրամ, աճը կազմում է 23.1 մլն.դրամ: Համայնքների ղեկավարներին առաջարկվեց օրենքով սահմանված կարգով տեղական բյուջեներում կատարել համապատասխան փոփոխություն 2016 թվականի համեմատությամբ ավելացված գույքահարկի գումարներն ընդգրկել բյուջեների եկամտային մասում:

Օրակարգի երկրորդ հարցով մարզխորհրդում քննարկվեց գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղինակ Սուքոյանը տեղեկատվություն տվեց բնագավառում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Մարզում գյուղատնտեսությամբ են զբաղվում 25 հազ. գյուղացիական տնտեսություն: Մարզի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը կազմում են 110762.8 հա, որից վարելահողը՝ 25588.4 հա, բազմամյա տնկարկներ՝ 1902.2 հա, որից՝ խաղողի այգիներ՝ 1198.1հա, պտղատու այգիներ՝ 704.1 հա, խոտհարքներ՝ 9401.3 հա, արոտավայրեր ՝ 63065.6 հա և այլ՝ 10805.4 հա: Բացի վերը նշվածից, տնամերձերում ևս կան 2030.8 հա բազմամյա տնկարկներ: Մարզում սկսվել և ընթացքի մեջ են բերքահավաքի աշխատանքները, 3535 հա-ից /3012 հա-ը՝ ցորեն, 523 հա-ը՝ գարի/ հնձվել է շուրջ 2500 հա հացահատիկ, միջին բերքը կազմել է 22-25 ց: Օպերատիվ տվյալներով հավաքվել է շուրջ 18000 տոննա խոտ, 2500 տ պտուղ և հատապտուղ, 450 տ կարտոֆիլ, 400 տ բանջարեղեն: Նիստում քննարկվեցին համայնքների ղեկավարների կողմից բարձրացված հարցերը կապված հակակարկտային կայանների տեղադրման, ոռոգման համակարգերի բարելավման, սերմացուի և վառելիքի տրամադրման հետ: Ելնելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից Տավուշի մարզում անցկացրած խորհրդակցության հանձնարարականներից, համայնքների ղեկավարներին առաջարկվեց ուսումնասիրել գյուղատնտեսական նշանակության հողերն առավել արդյունավետ օգտագործելու հնարավոր տարբերակները, մասնավորապես ուշադրություն դարձնելով ինտենսիվ այգիների հիմնման խնդրին, հարցի կապակցությամբ հանդես գալ նոր առաջարկություններով, վերհանելով նաև խնդիրները:
Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ՀԳՄ ՏՍԳՀ բաժնի վարիչ Աշոտ Մարդանյանը մարզխորհրդին ներկայացրեց 2017 թվականի 1-ին կիսամյակում Վերին Ծաղկավան, Պառավաքար, Իծաքար, Արծվաբերդ, Մովսես, Վերին Կարմիրաղբյուր և Սևքար համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները:
Մարզխորհրդի նիստում ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը: Նա անդրադարձավ վարչական հսկողության, համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության խնդիրներին, ուշադրություն հրավիրելով, որ հուլիսի 29-ին համապետական շաբաթօրյակ է լինելու , նշեց, որպեսզի բոլոր համայնքները ակտիվորեն մասնակցեն: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ այս բոլոր հարցերը գտնվում են նախարարության խիստ հսկողության ներքո:
Մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը համագործակցության առաջարկ կատարեց, նշելով, որ դատախազությունն անհրաժեշտության դեպքում պատարաստ է աջակցել՝ տրամադրելով իրավական խորհրդատվություն:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18