Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց կենտրոնի ստեղծման 14-ամյակը
27.06.2017

Այսօր՝ հունիսի 27-ին, ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղում հանդիսավորությամբ նշվեց կենտրոնի ստեղծման 14-րդ տարեդարձը: Մասնաճյուղի երեխայի զարգացման կենտրոնը հիմնվել է 2003 թվականի հունիսի 25-ին՝ իր դռները լայնորեն բացելով հաշմանդամություն ունեցող երեխաների առջև՝ ապահովելով նրանց սոցիալական ներառումն ու զարգացումը կրթության մեջ և համայնքում, ստեղծելով հավասար հնարավորություններ յուրաքանչյուր երեխայի լիարժեք ներառման համար: Կենտրոնը երեխաների համար դարձել է երկրորդ տուն, հարազատ մի վայր, որտեղ նրանք մեծ սիրով են անցկացնում իրենց օրվա մեծ մասը: Իսկ ծնողներն էլ վստահում ու հավատում են կենտրոնի հաջողություններին: ,,Հույսի կամուրջի,, տարեդարձի արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր: Միջոցառումն սկսվեց տնօրհնեքի արարողությամբ, որը կատարեց Իջևան քաղաքի հոգևոր հովիվ Հայր Սիմեոն քահանա Առաքելյանը: Քահանայի կողմից օրհնվեցին տունը, տան հացը, ջուրը և աղը: Միջոցառումն այնուհետև շարունակվեց հաստատության բակում: Իրենց երաժշտական ու պարային համարներով ներկաներին մեծ ուրախություն ու բավականություն պարգևեցին կենտրոնի սաները: Օրվա առթիվ շնորհավորանքի ու սրտի խոսք ասաց մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանը: Հանդիսությունն ավարտվեց երեխաներին տոնական տորթի մատուցմամբ: