Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրը ծանոթացնում է կատարված աշխատանքներին

16.06.2017

Հունիսի 15-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ողեկցությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նախարար-խորհրդական Անդրեյ Իվանովը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինն այցելեցին մարզի Ոսկեպար, Կողբ, Ներքին Ծաղկավան համայնքներ՝ տեղում ծանոթանալու «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի կողմից իրականացվող աշխատանքներին: Արդեն 2-րդ տարին է Տավուշի մարզում ընթացքի մեջ է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» հնգամյա ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի բյուջեն կազմում է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար և նպատակաուղղված է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գյուղական ենթակառուցվածքների զարգացմանն ու բնակիչների եկամտի ստեղծման հնարավորությունների ընդլայնմանը:

 Ոսկեպար գյուղում տեղի ունեցավ անտառային և գյուղատնտեսական մթերքի հավաքման կետի հիմնարկեքի արարողություն: Կետի կառուցումը կստեղծի գյուղմթերքների և անտառային բարիքների մթերման նոր հնարավորություններ: Ակնկալվում է, որ կենտրոնի շնորհիվ ստեղծվելու է լրիվ դրույքաչափով վեց  ու մինչև 40 սեզոնային աշխատատեղ և տարեկան վերամշակվելու է մոտ 12 տոննա գյուղմթերք:
Ծրագրի շրջանակներում Կողբ գյուղում 135 մ2 մակերեսով երեք էներգաարդյունավետ ջերմատներ են կառուցվել, որոնց թիվը մինչև տարեվերջ կավելանա ևս քսանով: Շահագործման հանձնվեց նաև Կողբի փողոցային լուսավորության էներգաարդյունավետ համակարգը, որի միջոցով լուսավորություն կապահովվի համայնքի 4 կենտրոնական փողոցում՝ նպաստելով ծախսերի մինչև 70 տոկոս նվազմանը:
Ներքին Ծաղկավանում ծրագիրը հոգացել էր դպրոցի ճաշարանի վերանորոգման խնդիրը, որը նույնպես ամբողջովին բարեկարգված շահագործման հանձնվեց:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56