Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
27.05.2017

Հարգելի տավուշցիներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ը Հայոց պետականության վերականգնման տոնն է, հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը: 1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թշնամու ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Թուրք հրոսակների դեմ տարած հաղթանակը հայ ժողովրդին հնարավորություն տվեց վերականգնել դարերով կորցրած անկախությունը: Թեպետ Հայաստանի առաջին հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ, սակայն դրանով հայ ժողովուրդը վերագտավ հարյուրամյակներով փափագած իր անկախությունը, իսկ Առաջին հանրապետության ստեղծումը հիմնաքարը դարձավ Խորհրդային Հայաստանի և ներկայիս Հայաստանի Հանրապետության համար։
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մեր ժողովրդի համար նվիրական տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ, հարատև խաղաղություն եմ մաղթում մեր սահմաններին, երջանկություն ու բարեկեցություն՝ բոլորիս ընտանիքներին: Փառք ու պատիվ հայ ժողովրդին: Փառք ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետությանը: