Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին տեսչական ստուգումների արդյունքները
23.05.2017
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ կրթության պետական տեսչության կողմից մարզի թվով 27 հանրակրթական ուսումնական հաստատություններում 2017թ. ապրիլի 10-ից 28-ը իրականացված կրթական գործընթացի ուսումնասիրության արդյունքների քննարկում՝ մասնակցությամբ ՀՀ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի, պետի տեղակալ Ռայիսա Գալստյանի, հյուսիսային տարածքային բաժնի պետ Տիգրան Հարությունյանի և տեսչության գնահատման բաժնի պետ Զարուհի Միքայելյանի: Քննարկմանը ներկա էին մարզպետարանի պատասխանատուներ, մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները: Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մարզպետը շնորհակալություն հայտնեց տեսչությանը և նշեց, որ նման ուսումնասիրություններն ու քննարկումները շատ կաևոր են թերացումները վերացնելու և հետագայում դրանք բացառելու առումով: Իր խոսքում կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը կարևոր համարեց համապատասխան կրթական որակի ապահովումը դպրոցներում, անդրադարձավ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված օրենսդրական պահանջների խախտումներին: Այնուհետև տեսչության գնահատման բաժնի պետ Զարուհի Միքայելյանը մանրակրկիտ ներկայացրեց կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նշվեց, որ տեսչական ուսումնասիրություններ են կատարվել մարզի 18 միջնակարգ և 9 հիմնական դպրոցներում: Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել է ընդհանուր թվով 23 արձանագրություն: Հայտնաբերված խախտումներն ու նրանց հետևանքները վերացնելու նպատակով ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչի կողմից դպրոցների տնօրեններին և կառավարման խորհուրդների նախագահներին տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ: Խախտումներ չեն հայտնաբերվել Աչաջրի, Արծվաբերդի, Թեղուտի միջնակարգ, Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցներում: Դպրոցների տնօրենների և նրանց տեղակալների պաշտոնային պարտականությունների կատարումը, դպրոցի կառավարման, մանկավարժական խորհուրդների, առարկայական մասնախմբերի, ծնողական, աշակերտական խորհուրդների գործունեությունը, ուսումնական միջավայրը, մանկավարժական աշխատողների, սովորողների վերաբերյալ բազմաբնույթ տվյալները ուսումնասիրվել են ըստ բնութագրիչների: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ձևաթղթերի համաձայն կատարվել են դասալսումներ ներգրավված մասնագետների կողմից: Բոլոր բնութագրիչների հանրագումարով, ըստ ուսումնասիրությունների արդյունքների, լավագույնն է ճանաչվել Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցը, իսկ ամենացածր արդյունքները գրանցվել են Սարիգյուղի միջնակարգ դպրոցում: