Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եռօրյա գիտաժողով Բերդում

23.05.2017

 Մայիսի 19-21-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Բերդ քաղաքում անց է կացվել եռօրյա գիտաժողով «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով: Գիտաժողովին մասնակցել են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Տավուշի մարզի գործարար հատվածի և մասնագիտական ուսումնական հաստատությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցներին ՀՀ կրթության և գիտության նախարարի անունից ողջունել է ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը՝ նշելով, որ գիտաժողովի նպատակը ոչ միայն մարզային ուսումնարանների և քոլեջների հզորացման խնդիրն է, այլև ՄԿՈՒ ոլորտի ուսումնական հաստատություններում ուսուցանվող մասնագիտությունների ցանկի վերանայումը և դրա համապատասխանեցումը մարզի աշխատաշուկայի պահանջներին: Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է նաև միջոցառման հյուրընկալող կողմը՝ Բերդի պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն Աննա Ավալյանը: Կարևորելով նման գիտաժողովների անցկացումը, նա նշել է, որ դրանք օգնում են վեր հանել մարզային ուսումնարանների և քոլեջների խնդիրները, գտնել արդյունավետ լուծումներ: Ողջույնի ելույթներին հաջորդել են զեկույցները երկրի արդյունաբերական և գործարար հատվածի զարգացումների, սահմանամերձ տարածաշրջաններում ներդրումների, բիզնես նախաձեռնությունների, ակնկալվող կադրային կարիքների ու մասնագիտական կարողությունների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև հնարավոր համագործակցության հարթակների վերաբերյալ։ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը ներկայացրել է Տավուշի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը: Պետական ռազմավարական ծրագրերին, դրանց հնարավորություններին ու հիմնախնդիրներին են իրենց ելույթներում անդրադարձել ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը, ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ՀՀ և արտերկրի ՈՒՀ-ներում կադրերի պատրաստման բաժնի պետ Սուրեն Դավթյանը: Միջազգային և հասարակական կազմակերպությունների աջակցության առկա և հեռանկարային ծրագրերի մասին են խոսել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը և որիշներ: Իրենց ելույթներում գիտաժողովի մասնակիցներն անդրադարձել են նաև գործատու-կրթություն-աշխատաշուկա արդյունավետ գործընկերության անհրաժեշտությանը և դրանց ուղիներին: Մասնավորապես, «Տավուշտեքստիլ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բերդի պետական արհեստագործական ուսումնարանին՝ տրամադրելով հաստոցներ, դիդակտիկ նյութեր և բարձր որակավորմամբ մասնագետներ, որոնց աջակցությամբ և՛ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ կրթության ձևերով կադրեր կպատրաստվեն «Տավուշտեքստիլ» ընկերության համար:
  Գիտաժողովի ամփոփիչ հատվածում մասնակիցներն իրենց աշխատանքները շարունակել են թեմատիկ սեկցիաներում: Նրանք այցելել են նաև Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ, ծանոթացել ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային և զարգացման ծրագրերին, հանդիպում ունեցել կանադահայ ներդրող Վահրամ Վահրամյանի հետ, ով ԿԳՆ ներկայացուցիչներին առաջարկել է քոլեջում իրականացնել փայտամշակման կարճաժամկետ դասընթացներ, որոնց արդյունքում համապատասխան հմտություններ ստացած երիտասարդ մասնագետները կապահովվեն աշխատանքով իր կողմից իրականացվող բիզնես ծրագրում: Կազմակերպվել են նաև շրջայցեր տեղական արտադրության կազմակերպություններ՝ Չորաթան և Այգեձոր գյուղերում տեղակայված «Տավուշտեքստիլ» և «Էկոգարդեն» արտադրական ընկերություններ, որտեղ ծանոթացել են վերջիններիս արտադրանքին, ինչպես նաև քննարկել աշխատաշուկա-կրթություն կապի հնարավորությունը: Գիտաժողովի ամփոփիչ՝ երրորդ օրը մասնակիցները այցելել են N զորամաս, հանդիպել զինծառայողների հետ:

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57