Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆոկուս խմբային հարցում ժողովրդագրության վրա ազդող գործոնների վերաբերյալ
16.05.2017

Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում <<Ժողովրդագրական քաղաքականության ազդեցությունների վերլուծություն և գնահատում>> ծրագրի շրջանակներում անցկացվեց ֆոկուս խմբային հարցում <<Հայաստանի Հանրապետությունում միգրացիա առաջացնող և բնակչության տարածքային անհամաչափ տեղաբաշխման պատճառների համալիր ուսումնասիրություն, ժողովրդագրական ցուցանիշների վրա սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցության վերլուծություն և գնահատում>> թեմայով: Հետազոտության նպատակն էր հավաքագրել փորձագիտական կարծիքներն ու առաջարկները՝ նպաստելու անհամաչափ տեղաբաշխման խնդիրների լուծմանն ու միգրացիոն հոսքերի կրճատմանը: Հարցմանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների, համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական ոլորտի պատասխանատուներ, միգրանտներ: Ներկաներին ողջունեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը: Այնուհետև քննարկվող թեման ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի ժողովրդագրության բաժնի աշխատակից Անի Ասլանյանը, ով ներկաներին ծանոթացրեց նաև հարցաթերթի բովանդակությանն ու լրացման կարգին: Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին նաև քննարկման հետ կապված իրենց նկատառումները: