Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին համագործակցության հեռանկարները
16.05.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/12703_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց GIZ գերմանական կազմակերպության ,, Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում,, ծրագրի թիմի ղեկավար Կատրին Շեֆերին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի խորհրդական Աղաբեկ Գալստյանը և աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Անի Մելիքսեթյանը:
Քննարկման հիմնական թեման ՀՀ Տավուշի մարզի և Գերմանիայի Ռեգենի շրջանի հետագա համագործակցության հիմնական ուղղություններն ու զարգացման հեռանկարներն էին: ՀՀ Տավուշի մարզի և Գերմանիայի Ռեգենի տարածաշրջանի համագործակցությունն սկսվել է դեռևս 2009 թվականին, սակայն այն առավել գործնական փուլ է անցել 2012 թվականին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ ,,Համայնքների զարգացում Հարավային Կովկասում,, ծրագրի աջակցությամբ: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդգծեց, որ սա յուրօրինակ համագործակցություն է, քանի որ այն նախաձեռնվել և կյանքի է կոչվել ներքևից, հենց երկու տարածաշրջանների ներկայացուցիչների ցանկությամբ: Համագործակցության գերակա ոլորտներ են ընտրվել տուրիզմի զարգացումը, աղբահանությունը և կրթությունը: 2013 թվականին երկկողմ քննարկումների արդյունքում հիմնվել է տուրիզմի ոլորտի զարգացման խթանումն ապահովող մի կառույց՝ ,,Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն,, հասարակական կազմակերպությունը: Կողմերը փաստեցին, որ այս տարիների ընթացքում եղել են փոխադարձ այցելություններ, հանդիպումներ, բավականին աշխատանք է կատարվել: Սակայն, քանի որ Տավուշի մարզում վարչատարածքային միավորների փոփոխություններ են եղել և սպասվում է խոշորացում նաև Իջևանի ու Բերդի տարածաշրջաններում, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ-ում արդեն գործում է զբոսաշրջության պետական կոմիտե, ապա եկել է պահը վերանայելու համագործակցության ծրագրերը՝ համապատասխանեցնելով դրանք նոր զարգացումներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում GIZ-ի գրասենյակում կազմակերպել հանդիպում-քննարկում, որին մասնակից կլինեն նաև Ռեգենի գործընկերները: Այդ հանդիպման ընթացքում կհստակեցվեն ՀԿ-ի գործնական քայլերը, կորոշակիանա նաև 2-րդ փառատոնի անցկացման ժամանակաշրջանը:
Հանդիպման ավարտին Կատրին Շաֆերը շնորհակալություն հայտնեց համագործակցության շարունակության վերաբերյալ պատկերացումները ներկայացնելու համար, իսկ Լևոն Սարգսյանն անձամբ իր և մարզպետ Հովիկ Աբովյանի անունից շնորհակալություն հայտնեց GIZ կազմակերպությանը նախաձեռնություններին աջակցություն ցույց տալու համար: