Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ինչպես խուսափել թունաքիմիկատներով թունավորվելուց

15.05.2017

  ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օրինակ՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: Գյուղատնտեսական թունաքիմիկատը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ:
 Թունաքիմիկատի վնասակար ազդեցությունից պաշտպանվելու համար անհրաժեշտ է դրանք գնելիս հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա: Պետք չէ գնել թունաքիմիկատներ, որոնց պիտակները բացակայում են կամ գրված են ձեզ համար անհասկանալի լեզվով: Թունաքիմիկատը մարդկանց օրգանիզմ կարող է ներթափանցել 3 ուղիով՝
1. Շնչառական` վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատի խառնուրդ պատրաստելիս, վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատներով մշակված բույսերի հետ աշխատելիս (օրինակ՝ ջերմոցներում), առանց անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման թունաքիմիկատով մշակում կատարելիս:
2. Մաշկի միջոցով՝ թունաքիմիկատների խառնուրդ պատրաստելիս կամ դրա կիրառման ժամանակ մաշկի վրա թունաքիմիկատի թափվելու դեպքում, գ) թունաքիմիկատով աղտոտված մակերեսների, գործիքների կամ մշակաբույսերի հետ շփման դեպքում,  աղտոտված հագուստ օգտագործելու դեպքում:
3. Մարսողական համակարգի միջոցով՝ թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ սնունդ ընդունելու, ըմպելիք օգտագործելու կամ ծխելու ժամանակ, թունաքիմիկատով աղտոտված մակերեսներին դիպչելու և դրանից հետո չլվացվելու հետևանքով,  օգտագործված թունաքիմիկատների տարաները լվանալուց հետո դրանք խմելու նպատակով օգտագործելու դեպքում, թունաքիմիկատով մշակված միրգ կամ բանջարեղեն ուտելիս, եթե դրանք պատշաճ ձևով չեն լվացվել, այնպիսի սննդամթերք կամ ըմպելիք օգտագործելու դեպքում, որը գտնվել է թունաքիմիկատով մշակված տարածքին մոտ հեռավորության վրա և ծածկված չի եղել:
 Թունաքիմիկատները կրծքով կերակրվող երեխայի օրգանիզմ կարող են անցնել մոր կաթի միջոցով:
 Թունաքիմիկատներով սուր թունավորման ախտանշաններն են՝ գլխացավը, ցրվածությունը, գիտակցության մթագնումը, սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, յուրահատուկ հոտով շնչառությունը, հաճախասրտությունը, շնչառական դեպրեսիան՝ մակերեսային շնչառությունը, դյուրագրգռվածությունը, աչքերի գրգռվածությունը, մաշկի վնասվածքը՝ խոցեր, մեզում/կղանքում՝ արյան հետքերը:
 Թունաքիմիկատներ օգտագործելիս անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ պաշտպանական միջոցառումները. խուսափել թունաքիմիկատի թափվելու դեպքերի կամ պատահարների առաջացումից, հատկապես թունաքիմիկատի տեղափոխման ժամանակ, աղտոտված հագուստները լվանալ և պահել առօրյա հագուստներից առանձին, տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով: Թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները չպետք է պահել պատահական վայրերում: Թունաքիմիկատներն անհրաժեշտ է պահել սննդամթերքից հեռու և ապահով վայրում, հեռու պահել երեխաներից, հղի կամ կերակրող մայրերից:
  Թունաքիմիկատի դատարկ տարաները, նույնիսկ լվանալուց հետո, անվտանգ չեն: Մ՛ի օգտագործեք դրանք պարենային ապրանքներ պահելու նպատակով և մի՛ թողեք երեխաների համար հասանելի վայրերում: Նախքան տարան հեռացնելը, այն ողողեք եռակի անգամ և տարայի վրա անցքեր բացեք, որպեսզի հնարավոր չլինի այն օգտագործել այլ նպատակով: Մի՛ օգտագործեք թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար: Պահպանե՛ք մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակված մթերք օգտագործելիս:
 Թունաքիմիկատներ օգտագործելիս անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ պաշտպանական միջոցները. չի թույլատրվում թունաքիմիկատներով մշակումը իրականացնել քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ, թունաքիմիկատի խառնուրդը պետք է պատրաստել լավ օդափոխվող տարածքում, թունաքիմիկատի հետ աշխատելիս պետք է օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակ, ձեռնոց, ակնոց և այլն): Չի կարելի փչել հեղուկացրի (սրսկիչ սարքի) խցանված ծայրոցի մեջ: Թունաքիմիկատի օգտագործումից հետո, նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը, անհրաժեշտ է օճառով լվանալ ձեռքերը և դեմքը: Աղտոտված մաշկը և հագուստը պետք է լվանալ առատ ջրով և օճառով: Չպետք է օգտագործել կաթացող կամ այլ թերություններ ունեցող սարքավորումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25