Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց բուժքույրերի միջազգային օրը

12.05.2017

 Մայիսի 12-ը ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի՝ բուժքույրերի միջազգային օրն է: Մասնագիտական տոնի առթիվ այսօր Իջևանի ԱԱՊԿ-ի տնօրինության ու ,,Հայաստանի բուժքույրերի ասոցիացիա,, ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությամբ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում: Տոնի կապակցությամբ միջոցառման կազմակերպիչները նախապես շնորհավորական բացիկներ էին ուղարկել մարզի բոլոր բուժհաստատություններ: Իսկ Իջևանի ԱԱՊԿ-ում տեղի ունեցած հանդիսությունը բացեց տնօրեն Գրիգոր Նազինյանը: Շնորհավորանքի իր խոսքում նա անդրադարձավ նաև այն ձեռքբերումներին, որ ունեցել է կոլեկտիվը վերջին շրջանում: Նշվեց, որ անցած տարեվերջին ԱԱՊԿ-ի ողջ բուժքույրական կազմը անցել է վերապատրաստման դասընթաց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հետբուհական կրթական բաժնի կողմից, բարերարների օժանդակությամբ ու սեփական միջոցներով վերանորոգվել է ընտանեկան բժիշկների 7 սենյակ և կանանց կոնսուլտացիայի ամբողջ բաժանմունքը: Հուրախություն բոլորի տեղեկացվեց, որ առաջիկա ամսում ձեռք կբերվի 3D և 4D հնարավորություններով ,,Ֆիլիպս,, ֆիրմայի ստացիոնար ուլտրաձայնային հետազոտման սարքավորում, որը կտրուկ կբարելավի հղիների մոտ պտղի զարգացման արատների վաղ հայտնաբերումը: Հիմնարկի վաղեմի բարեկամ ,,ՖԱՅԴԵՔ Արմենիա,, հիմնադրամի հետ ունեցած պայմանավորվածությամբ շուտով ձեռք կբերվի թանկարժեք ռենտգեն սարքավորում: Իսկ 2016թ. Իջևանի ԱԱՊԿ-ի աշխատանքի ցուցանիշները երկու անգամ ավել են եղել միջին մարզայինից: Այնուհետև պոլիկլինիկայի տնօրենը օրվա առթիվ Իջևանի տարածաշրջանի առաջնային օղակի բուժհաստատություններից հրավիրված մի խումբ բուժքույրերի հանձնեց ,,ՀՀ բուժքույրերի միավորում,, ՀԿ-ի շնորհակալագրեր՝ առողջության բնագավառում նվիրումի և անբասիր աշխատանքի համար: Շնորհավորանքի իր խոսքում ,,Հայաստանի բուժքույրերի ասոցիացիա,, ՀԿ-ի Տավուշի մասնաճյուղի ղեկավար, Իջևանի պոլիկլինիկայի ավագ բուժքույր Անահիտ Մովսիսյանը համառոտ ներկայացրեց տոնի ստեղծման պատմությունը՝ գործընկերներին մաղթելով միշտ լինել հոգատար, մարդասեր ու բարեխիղճ: Շնորհավորանքներին միացան ԱԱՊԿ-ի տնօրենի տեղակալներ Կարինե Դովլաթբեկյանը, Սիլվա Մկրտչյանը, բժշկուհի Սուսաննա Մարտիրոսյանը: Տոնական միջոցառումն ավարտվեց ջերմ բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով սուրճի սեղանի շուրջ:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57