Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա նիստը

23.04.2017

 Ապրիլի 22-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա նիստը, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար, հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանը: Նիստի ընթացքում սահմանամերձ համայնքներում իրականացված ուսումնասիրությունների, համակարգան ենթակա խնդիրների գույքագրման, դրանց լուծման ճանապարհների, կատարված և ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ինչպես նաև մարզի համայնքներում որոշակի ծրագրեր իրականացնող միջազգային կառույցների ներկայացուցիչներ: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ նման ձևաչափով աշխատանքը խոստանում է առավել արդյունավետ լինել և շեշտեց, որ համագործակցության  դեպքում նաև կբացառվեն մեկը մյուսին կրկնող ծրագրերը: Կարևորելով միջգերատեսչական փոխգործակցության բարձր մակարդակը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն հայտնեց, որ հանձնաժողովի գործունեությունը նպաստելու է սահմանամերձ համայնքներում առկա խնդիրների համակարգմանն ու լուծմանը:

 Մինչ նիստը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղել էր Բերդի տարածաշրջանում: Այնտեղ հանդիպում  է ունեցել «Երդվյալ ազատամարտիկների» միության անդամների հետ: Միության նախագահ Ռուբեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին ազատամարտիկների հիմնախնդիրների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար, ընդգծել է զինված ուժերին սատարելու միության պատրաստակամությունը: Իր հերթին նկատելով, որ մեր երկրի սահմանների պաշտպանունակության ապահովման գլխավոր բաղադրիչներից մեկը հենց բանակին սատարելու և միասնաբար հայրենիքը պաշտպանելու ու զարգացնելու պատրաստակամությունն է, որը և «Ազգ-բանակ» գաղափարի հիմքն է, Վիգեն Սարգսյանն անդրադարձել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, ներկայացրել ծրագրերի նպատակներն ու ակնկալվող արդյունքները:
ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև սահմանամերձ Մովսես և Չինարի համայնքներում: Համայնքների բնակչության հետ անմիջական զրույցների ընթացքում Վիգեն Սարգսյանը մեկ անգամ ևս քննարկել է համայնքների առջև ծառացած առավել կարևոր խնդիրները, ծանոթացել դրանց լուծման առնչությամբ ներկայացված առաջարկներին: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները բացառիկ նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի համար, ուստի համայնքների բնակիչներին հուզող խնդիրները պաշտպանական քաղաքականության իրագործման և անվտանգության ապահովման տեսանկյունից մշտապես հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում են:

 

Նյութի աղբյուրը՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայք:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:35:27