Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Մաքուր Հայաստան>> ծրագիրը գործունեության մեջ

10.04.2017

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.02.2017թ. կայացած նիստում ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը՝ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: Կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, նախագահն է տարածքային ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Հանձնաժողովն ունի աշխատանքների կատարման ժամանակացույց, hամապատասխան շրջաբերականներ են ուղարկվել նաև համայնքների ղեկավարներին:
Ի՞նչ ընթացք ունի ծրագրի իրականացումը Տավուշի մարզում, և որո՞նք են այն հիմնական աշխատանքները, որ դեռ պիտի կատարվեն: Այս և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ զրուցել ենք մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ Արմեն Ճաղարյանի հետ:
-Պարոն Ճաղարյան, ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված, որոնց միջոցով հնարավոր կլինի լուծել ոլորտում առկա մի շարք խնդիրներ: Ինչպես եք նախատեսում սկսել այդ աշխատանքները:
-- Ծրագիրն, իհարկե, առաջին անգամը չէ, որ իրականացվում է: Այն ամենամյա, չընդհատվող ծրագիր է և գործում է տարվա սկզբից մինչև ավարտը: Մեր գործը հիմնականում մարզի բոլոր համայնքների, բժշկական կենտրոնների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և, որ ամենակարևորն է, մարզի բնակչության հետ է: Ստեղծել ենք մարզային հանձնաժողով, որը հաստատել է մարզում իրականացվելիք աշխատանքների պլան-ժամանակացույցը: Այն ուղարկվել է բոլոր համայնքների ղեկավարներին, բժշկական կենտրոններին, դպրոցական և նախադպրոցական հիմնարկներին, ուսումնական հաստատություններին և հասարակական կազմակերպություններին: Նրանց տրվել են մեթոդական ցուցումներ, անց են կացվել տարատեսակ խորհրդատվություններ:
-Փոքր-ինչ մանրամասնեք, թե ինչպես եք պատրաստվում աշխատել բնակչության, նախադպրոցական հաստատությունների հետ և ընդհանրապես ինչ քարոզչական միջոցառումներ են նախատեսված ծրագրում:
-Շրջակա միջավայրի մաքրությունը յուրաքանչյուրիս գործն է: Այն պետք է հասցնել մարզի յուրաքանչյուր բնակչի գիտակցությանը՝ անկախ նրա սոցիալական վիճակից և դիրքից: Շատ կարևոր է այդ ամենը սկսել նաև նախադպրոցական տարիքի մեր փոքրիկ բնակիչների շրջանում, որպեսզի հետագայում մենք ունենանք մաքուր միջավայրում ապրել ցանկացող բարեկիրթ սերունդ: Առաջին հերթին արդյունավետ ենք համարում, այսպես ասած, կենդանի շփումը մարզի բնակչության ամենատարբեր շերտերի հետ և անհատական աշխատանքը: Այդ նպատակով նախատեսում ենք մարզի ուսումնական հաստատություններում <<Շրջակա միջավայրը և բնապահպանությունը>> , << Համայնքը մեր տունն է, և այն պետք է մաքուր պահել>> թեմաներով դասընթացներ կազմակերպել, խոշոր համայնքներում անցկացնել երթեր, շաբաթօրյակներ, դպրոցների բարձր դասարաններում /8-12/ կազմակերպել շարադրությունների մրցույթ ,,Մաքուր Հայաստան,, թեմայով, աշակերտների և ուսանողների շրջանում կազմակերպել և անցկացնել էքսկուրսիաներ, արշավներ՝ բնության և ջրային ռեսուրսների նկատմամբ խնայողական վերաբերմունք ձևավորելու նպատակով և այլն: Մարզային հանձնաժողովի առաջին նիստին մասնակցում էր և ելույթ ունեցավ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ով առաջարկեց ծրագրի իրականացման գաղափարական ոլորտում ընդգրկել նաև <<Կանաչ համայնք>>, <<Կանաչ դրախտ>> և <<Բնության պահպանումն ու վերարտադրությունը յուրաքանչյուրիս գործն է>> թեմաները:
- Հաճախ շրջակա միջավայրերում՝ հատկապես համայնքների ծայրամասերում, միջպետական, համայնքային և միջհամայնքային ճանապարհների եզրերին տեսնում ենք աղբակույտեր: Մասնավորապես աչք ծակող աղբ է կուտակվում Իջևան և Դիլիջան քաղաքները հատող Աղստև գետի հունում: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:
- Դուք շոշափեցիք շատ ցավոտ հարցեր: Աշխարհում չկա մի համայնք կամ բնակավայր, որտեղ աղբը կամ աղբահանությունը խնդիրներ չառաջացնեն: Իհարկե, յուրաքանչյուր տեղում էլ կան համապատասխան լուծումներ: Ես արդեն նշեցի, որ ամենահզոր զենքը բնակիչների և այցելուների գիտակցությունն է: Այդ ամենը տեսնում է աճող սերունդը, և, ինչպես ասում են, ինչպիսի միջավայրում ապրում է մարդը, այնպես էլ ձևավորվում է նրա գիտակցությունը: Խնդիրը նաև հոգեբանական է՝ հատկապես զբոսաշրջության ոլորտում: Ինչ վերաբերում է Աղստև գետի հունին, ապա մեր բնակիչները և համայնքների հյուրերը չպետք է աղբը նետեն գետի հունը: Առափնյա փողոցներում մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին կտրականապես պետք է արգելել աղբի նետումը գետի հուն: Համայնքները պետք է կահավորվեն համապատասխան աղբամաններով, կիրառվեն տեսողական և գրավոր հնարքներ այն վայրերում, որտեղ արդեն աղբանետումը սովորույթ է դարձել: Իհարկե, ինքնաբերաբար կուտակվող աղբը պատիվ չի բերում և ոչ մի համայնքի: Այս ուղղությամբ մեծ անելիքներ ունեն մարզի տեղական ինքնակառավարման մարմինները:
-Բայց յուրաքանչյուր համայնքում աղբահեռացման համար նախատեսված են, չէ՞, համապատասխան վայրեր:
- Այո: Դուք ճիշտ նկատեցիք: Առայժմ հայտնի են երկու տեսակի աղբավայրեր՝ կազմակերպված շահագործումով և ինքնաբերաբար կուտակվող: Ինքնաբերաբարը բնակչության և ամենատարբեր կազմակերպությունների կողմից այս կամ այն տարածքներում կուտակվող աղբն է: Բացի վերը նշվածից՝ ճանապարհների և համայնքների մաքրության պահպանումն ու աղբահանությունն իրականացվում է ճանապարհաշինական և շահագործման մրցույթում շահած մասնավոր ձեռնարկությունների և համայնքապետարանների համապատասխան ծառայությունների կողմից: Վերջերս տարածքային կառավարման և զարգացման նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ մարզի բոլոր համայնքներում, առանց բացառության, անց է կացվել կազմակերպված շահագործումով և ինքնաբերաբար կուտակվող աղբավայրերի գույքագրում՝ նրանց հետագա ճակատագիրը որոշելու նպատակով: Այսինքն՝ կան տարատեսակ աղբավայրեր, որոնց մի մասը պետք է փակվի, մի մասն էլ արգելվի: Խոսքը կազմակերպված և այժմ շահագործվող աղբավայրերին չի վերաբերում:
- Ինչպիսի՞ այլընտրանքային լուծումներ եք տեսնում:
- Ժամանակակից աշխարհն այնքան զարգացած է, որ գոյություն ունեն բազմաթիվ տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ: Ուղղակի այդ աշխատանքը հնարավոր է իրականացնել ոչ միայն պետական կամ համայնքային բյուջեների միջոցներով, այլ նաև մասնավոր սեկտորի կողմից: Քանի որ խնդիրը գտնվում է ներդրումային տիրույթում, ուստի որոշակի աշխատանքների ամփոփումից հետո մենք գործարարների և ներդրողների շրջանում հանդես կգանք հայտարարությամբ՝ նրանց կողմից բիզնես-ծրագրեր ներկայացնելու և հարցը ներդրումային ոլորտ տեղափոխելու նպատակով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59