Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ասմունքի մանկապատանեկան փառատոնի մարզային փուլը

03.03.2017

   Այսօր Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ասմունքի մանկապատանեկան փառատոնի մարզային փուլը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Փառատոնի համար տարին հոբելյանական է. այն անց է կացվում արդեն 10-րդ անգամ և նվիրված էր սիրված բանաստեղծուհիներ Մարո Մարգարյանի ծննդյան 100-ամյակին և Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 98-ամյակին:
  Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Հովիկ Աբովյանը կարևորեց փառատոնի կազմակերպումը` դպրոցականների մեջ դեպի գրականությունն ու պոեզիան սեր ու հետաքրքրություն դաստիարակելու տեսանկյունից և բոլոր երեխաներին մաղթեց հաջող ելույթներ: Ողջույնի խոսք ասաց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ալիսա Հասանյանը: Փառատոնի ծրագրի հեղինակ և ժյուրիի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը ծանոթացրեց փառատոնի ընթացակարգին և ներկայացրեց ժյուրիի անդամներին: Ժյուրիի կազմում էին ճանաչված դերասաններ, գրականության ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Իսկ ասմունքի փառատոնի նախորդ տարվա եզրափակիչ փուլի հաղթող, Իջևանի վարժարանի աշակերտ Ալիկ Առաքելյանը բոլորին ողջունեց իր գեղեցիկ ասմունքով:
  Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ փառատոնի մարզային փուլին մասնակցում էին մրցույթի առաջին փուլը հաղթահարած՝ մարզի հանրակրթական դպրոցների 47 պատանի ասմունքողներ: Ելույթ ունեցողները ներկայացան երկու տարիքային խմբով՝ 11-14 և 15-17: Յուրաքանչյուր մասնակից հանդես եկավ ներկայացված հեղինակներից իր ցանկությամբ ընտրված երկու ստեղծագործությամբ, որոնց տևողությունը չպետք է գերազանցեր 2 րոպեն: Պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ փառատոնի մարզային փուլի հաղթողներ ճանաչվեցին և 11-14 տարեկանների տարիքային խմբում համապատասխանաբար 1-3-րդ տեղերը զբաղեցրին Անի Խաչատրյանը Դիլիջանի թիվ 2 դպրոցից, Վահե Ասատրյանը նույնպես Դիլիջանի թիվ 2 դպրոցից և Գրիշա Մախսուդյանը Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցից: Իսկ 15-17 տարեկանների խմբում 1-3-րդ տեղերն զբաղեցրին Դիլիջանի թիվ 5 դպրոցը ներկայացնող Արամայիս Ասատրյանը, Արև Խաչատրյանը Իջևանի ավագ դպրոցից և Չինչինի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սոֆի Ահարոնյանը: Հանձնաժողովի կողմից, լրացուցիչ, հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացան նաև Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտուհի Լիլյա Պողոսյանը և Անի Մարտիրոսյանը Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցից: Բոլոր հաղթողները պարգևատրվեցին Տավուշի մարզպետի պատվոգրերով և իրավունք ստացան մասնակցելու հանրապետական երրորդ՝ եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա մայրաքաղաք Երևանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57